


Արմինֆո.Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հնարավորությունները ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրին: Քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։
Մասնավորապես, քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ Կարևորվել է առկա համագործակցության շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։


