
Արմինֆո.Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան (EAFJD) դատապարտում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և "Մենք ենք մեր սարերը" երգի - պարի պետական համույթի բացառումը Վիեննայում կայանալիք միջազգային մշակութային փառատոնից՝ քաղաքական դրդապատճառներով:
EAFJD-ի տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ փառատոնների համաշխարհային ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին խոստովանել է, որ որոշումը կայացվել է օտարերկրյա դեսպանատների անմիջական ճնշման ներքո, որոնք հետապնդել են այդ փախստական արտիստներին:
"Այս միջադեպն իրենից ներկայացնում է էթնիկ զտումների և մշակույթի ոչնչացման քաղաքականությունը Հարավային Կովկասի սահմաններից դուրս ՝ դեպի Եվրոպայի խորքը տարածելու աղաղակող փորձ։ Արցախցի արվեստագետները 2023 թվականին իրենց նախնյաց հայրենիքից բռնի տեղահանվելուց հետո փորձում են պահպանել իրենց ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Այս սկզբունքն ուղղակիորեն պաշտպանված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին 2003թ.կոնվենցիայով: Ինչպես ցույց են տալիս Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ բանաձեւերը եւ միջազգային դատարանների որոշումները, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման անմիջական վտանգի տակ",- նկատել են EAFJD-ում:
Սփյուռքյան կազմակերպությունում ընդգծել են, որ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և "Մենք ենք մեր սարերը" երգի - պարի պետական համույթի բացառումը ուղղակի ոտնձգություն է Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայ ժողովրդի մարդկային արժանապատվության, ինքնության և միջազգայնորեն ճանաչված մշակութային իրավունքների նկատմամբ:
"Քաղաքական և դիվանագիտական ահաբեկումն անթույլատրելի է եվրոպական մայրաքաղաքում ։ Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում միջազգային մշակութային իրավունքների և խոսքի ազատության համար ։ Մշակույթի պահպանումը քաղաքական հանցագործություն չէ, և փախստական արտիստները անվտանգության սպառնալիք չեն ներկայացնում: Ուստի EAFJD - ն կոչ է անում փառատոնի կազմակերպիչներին պաշտպանել արդարությունը եւ չեղարկել արտիստների մասնակցությունը չեղարկելու մասին իրենց որոշումը",- ամփոփել են սփյուռքյան կազմակերպությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23 - ին հայտնի դարձավ, որ այս տարվա նոյեմբերին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի ժողգործիքների պետական համույթի և "Մենք ենք, մեր սարերը" երգի-պարի պետական համույթի մասնակցությունը չեղարկվել է օտարերկրյա մի քանի դեսպանությունների միջամտությունից հետո: Ինչպես այն ժամանակ պատմել են կազմակերպությունում, փառատոների համաշխարհային ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին հայտնել է, որ դեսպանատնից ստացված նամակում արցախյան մշակութային խմբերը ներկայացվել են որպես "վտանգավոր", ինչի կապակցությամբ առաջարկվել է հետ կանչել հրավերը: Հոկտեմբերի 23-ին նա լրացուցիչ պարզաբանել է, որ իր տեղեկություններով ՝ մի քանի դեսպանատներ միջամտել են գործընթացին ՝ մեղադրելով Արցախյան համույթներին "անջատողական գործունեություն" իրականացնելու մեջ և պնդել, որ նրանց չհրավիրեն փառատոնին: Այդ կապակցությամբ կազմակերպությունը WOFA-ի նախագահից պահանջել է նշել դեսպանատները, որոնք միջամտել են իրավիճակին, եւ ներկայացնել առաջադրված մեղադրանքների փաստական հիմքերը: