


ԱրմԻնֆո. Եվրոպական առաջատար դաշնամուր արտադրող «Պետրոֆ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին «Պետրոֆ» ընկերության գործադիր տնօրեն Զուզանա Չերալովա-Պետրոֆովան հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպման ժամանակ:
Չերալովա-Պետրոֆովան համագործակցության առաջարկ է ներկայացրել փոխնախարարին: Նա բացատրել է, որ «Պետրոֆ»-ի բարձրորակ երաժշտական գործիքները արտադրվում են չեխական Հրադեց Կրալովե քաղաքում:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները և հեռանկարային ծրագրերը: Անդրադառնալով հետագա գործնական քայլերին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ մտադիր է համապատասխան առաջարկների փաթեթը քննարկել շահագրգիռ կազմակերպությունների և երաժշտական ուսումնական հաստատությունների հետ:
Փոխնախարարը նաև նշել է, որ բարձրորակ «Պետրոֆ» դաշնամուրները հայտնի են և սիրված ինչպես հայ երաժիշտների, այնպես էլ լայն հանրության շրջանում: Նա նաև բարձր գնահատեց հայ-չեխական երկկողմ մշակութային հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մշակութային փոխանակման, համատեղ համերգային ծրագրերի և ստեղծագործական կապերի ամրապնդմանն ուղղված այլ նախաձեռնությունների հարցեր։
Նշենք, որ չեխական PETROF ընկերությունը ակուստիկ ստեղնաշարային գործիքների խոշորագույն եվրոպական արտադրողներից մեկն է։
Հիմնադրված 1864 թվականին Անտոնին Պետրոֆի կողմից, ընկերությունը գտնվում է Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքում և մասնագիտանում է մեծ դաշնամուրների և ուղղահայաց դաշնամուրների արտադրության մեջ։ Իր գործունեության ընթացքում PETROF ապրանքանիշի ներքո արտադրվել է ավելի քան 635,000 գործիք, որոնք արտահանվում են հինգ մայրցամաքների ավելի քան 65 երկիր։


