
Արմինֆո. Հայաստանին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետականակենտրոն իշխանություն։
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդպես է արձագանքել ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն պետք է ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով», - մեջբերել է Փաշինյանի խոսքերը Շարմազանովը։
«Չենք խանգարի՞…այսինքն ընդունու՞մ եք, որ խանգարում եք այսօր ընդդիմությանը ,իսկ ձեր սրտի «ապագա ընդդիմությանը» չեք խանգարի։ Փաստորեն ,նիկոլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փուլ ,հա՞։ Բա «ժողովրդավարության բաստիոն» էիք,ու՞ր մնաց ազատ մրցակցությունը, հավասար հնարավորությունները։
Իսկ ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞, բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»։
Ցինիզմը դարձել է բացահայտ ու նողկալի, իսկ այդ ժամանակ ՔՊ-ն փաստացի ձեռնամուխ է լինելու իր սրտի ընդդիմության ձեւավորմանը։ Ինչու՞, որպեսզի միասին հաշտ ու համերաշխ «ջան ասեն ու ջան լսեն»՝ պետությունը տանելով կանխատեսվող ադրբեջանացմա՞ն։
Մեր պետությանն ու ժողովրդին ոչ թե ընդդիմափոխություն է պետք,այլ՝ իշխանափոխություն։
Իսկ պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն», - գրել է Շարմազանովը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, թե ՏԻՄ ընտրությունների արդյունքների առնչությամբ կարող է ասել, որ "պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացված է": Ապա նա հավելել է, որ, իր կարծիքով, երկրում պետք է ձևավորվի նոր պետականակենտրոն ընդդիմություն: Նա կոչ է արել նաև այդ հարցով լսումներ կազմակերպել։