


Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այդ մասին հաղորդել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ Telegram-ում։
Նշենք, որ որոշումը հրապարակվել է 2 ժամ ուշացումով։ Որոշման հրապարակումից առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հաղորդել էր, որ գործընթացի ձգձգումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դատավորը դեռ աշխատում է դատավճռի վրա: "Գործով նիստը տևեց 12 ժամ, պաշտպանական կողմը ծավալուն նյութ էր ներկայացրել, որն ապացուցում էր, որ կալանքը չպետք է երկարաձգվի", - հայտարարել էր փաստաբանը։
Ավելի վաղ դատարանը ևս 2 ամսով երկարաձգել էր ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի բնակարանում և Քոչարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններում: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել էին և տարվել Հակակոռուպցիոն կոմիտե ՝ հարցաքննության: Ռոբերտ Քոչարյանին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու (կառավարության որոշումները վավերացնելու կապակցությամբ - խմբ.) և խոշոր կաշառք ստանալու համար: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի: Օգոստոսի 27-ին Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր։
Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական ուժը նրա կալանավորումը կապում է ընդդիմության հիմնական ներկայացուցիչներից մեկին չեզոքացնելու փորձի հետ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին նոր զիջումների գնալու պատրաստակամության ֆոնին։


