
ԱրմԻնֆո. Ֆրանսիական Նիսի քաղաքի քաղաքապետ Էրիկ Սյոտին պահանջել է ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայերին։
"Բաքվի բանտերում մինչ օրս պահվում են շինծու դատավճիռներով դատապարտված քսան հայեր։ Ադրբեջանի ռեժիմը ձգտում է ջնջել նրանց մեր հիշողությունից։ Այսօր Նիսի հայկական համայնքի հետ միասին մենք պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը", - գրել է Նիսի քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում։
Նա նաև պատմել է, որ Նիսի քաղաքապետարանի դարպասների մոտ Հայաստանի գույներով ժապավեններ են կապվել Բաքվում պահվող 20 հայ բանտարկյալների դիմանկարների առջև։
"Ես խոստացել եմ առաջարկել Արցախի 20 հայ բանտարկյալներին շնորհել Նիսի քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչում։ Սա հզոր ժեստ է, որը ցույց է տալիս մեր համերաշխությունն այդ մարդկանց հետ, որոնք անարդարացիորեն պահվում են Բաքվում։ Նիսը կշարունակի մոբիլիզացված մնալ մինչև նրանց ազատ արձակումը", - հավելել է Էրիկ Սյոտին։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվողների թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 նախկին և գործող ներկայացուցիչներ։ Դրանք Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն են, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով փետրվարին Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մյուս արցախցիներին այսպես կոչված դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։