


ԱրմԻնֆո. Փարիզի քաղաքապետի՝ միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարն ու միջազգային հարաբերությունների գծով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ինչպես հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը, հյուրերին ողջունել և ուղեկցել է թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա պատմել է Հուշահամալիրի կառուցման պատմության, դրա ճարտարապետական առանձնահատկությունների և նշանակության մասին։
Օդրի Պյուլվարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Այցի ավարտին Օդրի Պյուլվարն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։
Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականի հունվարին՝ ընդունելով համապատասխան օրենք։ Բացի այդ, ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և ներառվել Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում։


