
Արմինֆո. Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է 14 անձ: Գերատեսչության փոխանցմամբ՝ «կաշառքը բաժանել է Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուն»: Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ վաղ առավոտից Ստեփանավանում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժման կողմնակիցների նկատմամբ։
Նախորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր իրեն անձամբ գրել այն քաղաքացիներին ու համայնքների ղեկավարների թեկնածուներին, ովքեր ՏԻՄ ընտրություններում ճնշումների են ենթարկվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի կողմից։ Սակայն արդեն նույն օրը երեկոյան նա ինքն սկսեց սպառնալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են հոկտեմբերի 25-ին։
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում իր կողմնակիցների ձերբակալությունները որակել է քաղաքական հետապնդում և իշխանություններին մեղադրել ՏԻՄ ընտրություններից առաջ իրավապահ մեխանիզմների չարաշահման մեջ։ «Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ սա ժողովրդավարություն չէ։ Սա օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր պրակտիկա է՝ նպատակ ունենալով ամեն գնով պահպանել իշխանությունը, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը»,- ասված է «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարության մեջ։
Կուսակցությունն անդրադարձել է նաև Գևորգյանի ձերբակալությունից ժամեր անց տարածված տեսանյութին՝ հայտարարելով, որ այն հրապարակվել է քաղաքական դրդապատճառներով և նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։ «Ուժեղ Հայաստան»-ից պարզաբանել են, որ նախընտրական քարոզարշավի կազմակերպման համար օգտագործվում են ֆինանսական միջոցներ, որոնց վերաբերյալ ընտրական հանձնաժողով են ներկայացվել թափանցիկ հաշվետվություններ։ «Ուժեղ Հայաստան»-ը կատարվածը համեմատել է նաև հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի հետ՝ իշխանությունների գործողություններն անվանելով հակաժողովրդավարական։ Կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է նաև ընտրական գործընթացին արհեստականորեն միջամտելու մեջ։ «Նման գործելաոճը վկայում է նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ առանց արհեստական միջամտության չի կարող հաղթել արդար ընտրություններում»,- ասված է հայտարարության մեջ։
Դիմելով Ստեփանավանի բնակիչներին՝ կուսակցությունը կատարվածը գնահատել է որպես իշխանությունների փորձ՝ խոչընդոտելու համայնքում քաղաքական փոփոխություններին։