
Արմինֆո.Երևանի Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը ցանկանում են օրենքով նախատեսված փոխհատուցում ստանալ իրենց ապամոնտաժված գույքի դիմաց: Այդ մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Վարսիկ Հովսեփյանը, ով ներկայացնում է երկու կրպակների սեփականատերերի շահերը։
Փաստաբանի ասելով՝ սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետարանը ՝ ի դեմս Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի, կասկածի տակ է դնում և անտեսում կադաստրային կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականը: Ավելին, ինչպես նշել է փաստաբանը, իր հրապարակային ելույթներում նա շարունակում է պնդել, որ խոսքն ապօրինի շինությունների մասին է՝ չնայած դրանց կադաստրային վկայագրերի առկայությանը: "Ստացվում է, որ այս տրամաբանությամբ ցանկացած պաշտոնյա ցանկացած պահի կարող է որոշել քանդել որևէ մեկի գոիյքը։ Սա շատ վտանգավոր նախադեպ է։ Սրանք կադաստրային փաստաթղթեր ունեցող գույքի ապամոնտաժման առաջին նման դեպքերն են", - նշել է Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչու քաղաքային իշխանությունները չեն ընտրել այդ հարցի լուծման իրավական ուղին: Փաստաբանը պատմել է, որ վերջին օրերին պարզ է դարձել, որ նման մոտեցումից հրաժարվելու հնարավոր պատճառը գույքի դիմաց փոխհատուցում չվճարելու ցանկությունն է: Նրա կարծիքով, եթե իշխանություններն իսկապես պատրաստ են փոխհատուցում վճարել, ինչպես իրենք են հայտարարում, ապա վաղուց պետք է հանդիպեին սեփականատերերի հետ և քննարկեին վճարումների չափը:
Սակայն, ինչպես նկատել է Հովսեփյանը, վարչական շրջանի ղեկավարն այդ հարցի լուծումը, փաստորեն, տեղափոխում է դատարան, ինչը սեփականատերերի համար լրացուցիչ քաշքշուկ է ստեղծում եւ ձգձգում դատավարությունը: "Դա կարող է հանգեցնել շինությունների շուկայական արժեքի փոփոխության։ Մեր պահանջն է՝ բոլոր գործընթացներն իրականացնել իրենց բնական հաջորդականությամբ ՝ սկսած գույքի արժեքի գնահատումից։ Այսպես, կոնկրետ իմ պաշտպանյալների գույքը գնահատվել է 180 մլն դրամ։ Գույքի արժեքի գնահատումն իրականացրել է լիցենզավորված կազմակերպությունը՝ դեռ ապամոնտաժումից առաջ։ Խոսքը 13 կրպակներից միայն երկուսի մասին է, ուստի, պատկերացրեք, թե ինչից են զրկվել այդ մարդիկ", - հայտարարել է փաստաբանը։
Հովսեփյանը նաև պատմել է, որ ապամոնտաժման աշխատանքների մեկնարկի ժամանակ և հաջորդ օրը Երևանի քաղաքապետարանը վարչական դատարան է ներկայացրել չափագրումների արդյունքները, որոնցով հիմնավորել է շինությունները քանդելու անհրաժեշտությունը: Ըստ այդ տվյալների, նրա խոսքով, կրպակները, իբր, իրենց տեղում չեն եղել։ Ի պատասխան, ինչպես նշել է Հովսեփյանը, նրանք միջնորդել են վերացնել հայցի ապահովման միջոցները ։ Փաստաբանը, մինչդեռ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կադաստրային քարտեզներում նման սխալներ հանդիպում են Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նրա խոսքով, եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ապամոնտաժման տակ կարող են հայտնվել, նույնիսկ, ոստիկանության շենքն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: "Դեռ ապամոնտաժումից առաջ սեփականատերերից մեկը դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին հայտարարությամբ: Ապամոնտաժման օրը հաղորդում եմ ուղարկել նաև Ոստիկանության Աջափնյակի բաժին ՝ ինչպես ապամոնտաժման փաստի, այնպես էլ վարչական շրջանի ղեկավարի վերաբերյալ: Այդ դիմումների վերաբերյալ դեռ պատասխան չկա։ Միաժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեից քաղաքապետի որոշմանը վերաբերող դիմումի մասով ստացվել է պատասխան, ըստ որի, դիմողի թվարկած հանգամանքներն ընդհանուր բնույթի ենթադրական դատողություններ են և չեն պարունակում հանցակազմի հատկանիշներ: Չնայած դրան՝ մենք մտադիր ենք հասնել քրեական գործերի հարուցման։ Ուզում եմ նաև նշել, որ մինչ այժմ իրավունքների պաշտպանությունն ապահովել է միայն Վարչական դատարանը", - նշել է Հովսեփյանը։
Սեփականատերերից մեկը՝ Դավիթ Նահապետյանն, իր հերթին, պատմել է, որ ոչ բոլոր կրպակներն են քանդվել։ Նրա ասելով՝ այս պահին դրանց մեծ մասը դեռ կանգուն են, սակայն վարձակալներին թույլ չեն տալիս շարունակել աշխատել այնտեղ: Նա պատմել է, որ սեփականատերերին ահաբեկում են և շանտաժի ենթարկում ։ "Երկու կրպակների վերաբերյալ փաստաթղթերը դատարանում են. դրանցից մեկի վերաբերյալ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 26-ին, մյուսինը՝ դեկտեմբերի 2-ին: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ի սկզբանե սեփականատերերը ոչ թե պահանջում էին հրաժարվել շինությունների ապամոնտաժումից, այլ պնդում էին, որ բոլոր գործողություններն իրականացվեն օրենքին համապատասխան։ Այն է, որ մեզ տրամադրեն կառավարության որոշումը, նշանակվեն հանրային լսումներ, և մենք ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերեինք փոխհատուցման մասով", - եզրափակել է Նահապետյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը ծանր տեխնիկա էր ուղարկել Շինարարների փողոցի շինություններն ապամոնտաժելու համար: Սակայն "Հայաստան" խմբակցության պատգամավորների, այդ թվում ՝ Մեսրոպ Մանուկյանի միջամտության շնորհիվ հնարավոր էր եղել կասեցնել գործընթացը։ Նկատենք, որ քաղաքապետարանը ցանկանում է քանդել շինությունները, չնայած տնտեսվարողների մոտ առկա են կադաստրային փաստաթղթեր և մինչև 2029 թվականը քաղաքապետարանի կողմից տրված գործունեության թույլտվություններ։ Այդ առնչությամբ շինությունների սեփականատերերը շարունակում են բողոքել ՝ պահանջելով հաշվի առնել իրենց իրավունքները և թույլ չտալ գույքի ապօրինի ապամոնտաժում: