
Արմինֆո. Նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը: Այդ մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի Facebook-յան էջում հրապարակված հայտարարությունում:
«Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, ուստի անհրաժեշտ է նրան պահել կալանքի տակ։
Սա Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է 2018 թվականից ի վեր։
Նախորդ երեք կալանավորումները կապված էին քրեական գործի հետ, որի հիմքում դրված 300.1-րդ հոդվածը Սահմանադրական դատարանը 2021 թվականին ճանաչեց հակասահմանադրական և անվավեր։
Մինչդեռ նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը մշտապես դրսևորել է պատշաճ դատավարական վարքագիծ։ Այս հանգամանքը ևս լուրջ կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը՝ հատկապես քննությունից խուսափելու ենթադրյալ վտանգի հիմնավորմամբ։
Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ 18։00 — Սեդրակ Քոչարյան, դատավոր՝ Արամ Գրիգորյան; 18։30 — Ռոբերտ Քոչարյան, դատավոր՝ Վարդգես Ստեփանյան», - ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի բնակարանում և Քոչարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններում: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել էին և տարվել Հակակոռուպցիոն կոմիտե ՝ հարցաքննության: Ռոբերտ Քոչարյանին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու (կառավարության որոշումները վավերացնելու կապակցությամբ - խմբ.) և խոշոր կաշառք ստանալու համար: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի: Օգոստոսի 27-ին Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։
Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական ուժը նրա կալանավորումը կապում է ընդդիմության հիմնական ներկայացուցիչներից մեկին չեզոքացնելու փորձի հետ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին նոր զիջումների գնալու պատրաստակամության ֆոնին։