


Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի գլխավորությամբ։
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հանդիպմանը Էնրիկո եպիսկոպոսը Նորին սրբությանը ներկայացրել է հյուրերին, նշելով, որ ուխտագնացության նպատակն է զորանալ քրիստոնեական հավատքի մեջ և եղբայրական սիրով զորացյալ ծառայել Ավետարանի քարոզչությանը։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել ներկաներին՝ անդրադառնալով Հայոց եկեղեցու առաքելությանը, հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։ Նորին սրբությունը հավելել է, որ հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները։
Վեհափառ հայրապետը նաև գոհունակությամբ խոսել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև սերտ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում արդյունավոր գործակցության մասին, ընդգծելով, որ այս այցը ևս եղբայրական այդ կապերի վկայությունն է։ Նորին սրբությունը կարևորել է այսօրինակ ուխտագնացությունները հոգևոր նորոգության և քրիստոնեական համայնքների փոխճանաչողության խորացման գործում։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, արդի ժամանակներում Հայոց եկեղեցու հոգևոր-կրթական առաքելությանը։


