
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին: Ըստ այդմ՝ իրականացվել են բուհերի խոշորացման հայեցակարգի մշակման, կարիքների գնահատման աշխատանքներ, համագործակցություն է ծավալվել միջազգային հեղինակավոր բուհերի հետ առանձին կլաստերների շուրջ, որոշումներ են կայացվել հանրության գերակա շահի ուղղությամբ։ Գլխավոր հատակագծի, քաղաքաշինական զարգացման շրջանակի մշակման և գլխավոր հատակագծի տեղայնացման աշխատանքներն ավարտված են: ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև նախագծի ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի գնահատման և իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման հիմնական փուլերին առնչվող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի ճշգրիտ բովանդակությամբ, հստակ ճանապարհային քարտեզով և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին՝ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը հաղորդել էր, որ Ակադեմիական քաղաքում շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թվականին։ Քաղաքի գլխավոր հատակագիծը մշակել է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը։ Այն կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ Հայաստանի կառավարությունն անցյալ տարվա հունվարի 4-ին ընդունել է "Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների և Սասունիկ բնակավայրի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելու մասին" որոշման նախագիծը ՝ Ակադեմիական քաղաքի կառուցման նպատակով: Երևանի 17-րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում են գտնվում պետության և համայնքի սեփականություն հանդիսացող, ինչպես նաև Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասերը, ինչպես նաևՀամո Բեկնազարյանի անվան "Հայֆիլմ" կինոստուդիայի զբաղեցրած տարածքը, կփոխանցվի "Ակադեմիական քաղաք" հիմնադրամին, որն ստեղծվել է
2023 թվականի ապրիլի 21-ին։: Անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին կառավարությունը հաստատել է "Ակադեմիական քաղաք" ծրագրի հայեցակարգը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման պետական ծրագրի համաձայն նախատեսվում է ստեղծել Ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ կրթության և հետազոտությունների ժամանակակից միջավայր: Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ակադեմիական քաղաքի տարածքում կտեղակայվեն մինչև 16 բուհեր՝ մինչև 8 պետական խոշորացված և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ակադեմիական քաղաքի կառուցումը կարժենա 1,2 տրիլիոն դրամ։