


ԱրմԻնֆո. Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իր ավստրալիացի գործընկեր Հյու դե Կրետցերի հետ քննարկել է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մանասյանը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ոլորտներն ու առաջնահերթությունները: Նշվել է հավասարության ապահովման, խտրականության կանխարգելման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը: Քննարկված թեմաների թվում են եղել մարդու իրավունքների ինստիտուտների անկախության ապահովումը, բևեռացված հասարակությունում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը, ատելության հրահրման կանխարգելումը և մի շարք այլ հարցեր:
Կողմերը մեծ նշանակություն են տվել մարդու իրավունքների ազգային ինստիտուտների միջև շարունակական երկխոսությանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացմանը:


