
Կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ նախագահի աշխատակազմին, առաջարկելով ավելացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին` այն հոդվածներով, որոնք նպատակաուղղված են ՀՀ-ում ապաստան ստացած սիրիացի փախստականներին աջակցությանը, ինչպես նաև պայմանագիր ստորագրել ԱՄՆ և ՀՀ միջև կրկնակի հարկումից խուսափելու շուրջ: Նա նաև հատուկ ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ֆինանսական աջակցությունը շարունակելու և ավելացնելու անհրաժեշտությանը:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն, իր նամակում կոնգրեսականը, անդրադառնալով Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու շուրջ պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Սպիտակ տան ներկայացուցիչիների հայտարարություններին, ընդգծում է. «Կրկնակի հարկման հարցին առնչվող իրավիճակը հիշեցնում է «ձվի և հավի» պատմությունը. Մի կողմից` ԱՄՆ չի տեսնում նման փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտություն, քանի որ Հայաստանի տնտեսությունում մեծ ներդրումներ չի կատարում, մուս կողմից` ներդրողները խուսափում են Հայաստանի տնտեսությունում ներդրումներից` կրկնակի հարկման գործոնի պատճառով»: Այդ առնչությամբ կոնգրեսականը պահանջել է շարունակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տվյալ հարցի շուրջ և հատուկ ներկայացուցիչ նշանակել այդ գործը վարելու համար: Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչները համաձայնել են քննարկել հարցը:
Շերմանի կոչին միացել են ոչ միայն նրա գործընկերները, այլև այնպիսի հսկաներ, ինչպես` Triada Studio, PicsArt Microsoft, FedEx, NASDAQ, Marriott, Grant Thornton, Ameria Banking Group, Prudence Legal Advisory and Counseling, Baker Tilley Armenia, Synergy, Tufenkian Heritage Hotels, Altacode, Leda Campus LLC, Levon Travel, Unicomp, Synopsys, Megerian Carpet, National Instruments, Mentor Graphics, First Mortgage, Geoteam, Hylink, LC Distribution, and Linkgard Systems:
Կոնգրեսում լսումների ընթացքում Շերմանը ուշադրություն է հրավիրիել նաև Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ ֆինանսական օգնությունը շարունակելու և ավելացնելու անհրաժեշտությանը: Նա բավարար չի համարել 1,5 մլն դոլարի օգնությունը ԼՂՀ-ին: USAID ղեկավար Գայլ Սմիթն ի պատասխան նշել է, որ անհրաժշետության դեպքում Արցախին տրամադրվել է լրացուցիչ ֆինանսական օգնություն, այդուհանդերձ, նա համաձայնել է քննարկել կոնգրեսականի առաջարկությունը:
Շերմանը նաև պնդել է Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունն ավելացնելու անհրաժեշտությունը, որն ուղղորդվում է սիրիացի փախստականներին աջակցելուն: Կոնգրեսականը նաև անհրաժեշտ է համարել Վրաստանին նպատակային ֆինանսական աջակցության տրամադրումը, որը կուղղորդվի հայաբնակ Սամցխե Ջավախքի կարիքներին: