
Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը գրավոր դիմել է Գլխավոր դատախազությանը, Նիկոլ Փաշինյանի կողմից Հրազդանի դպրոցներ այցելելու կապակցությամբ:
Դիմումում մասնավորապես ասված է. «ՀՀ Կոտայքի
մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի
պետ Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի մարտի 21-ին այցելել է Հրազդան քաղաքի մի շարք
հանրակրթական դպրոցներ՝ փորձելով ճնշումներ գործադրել կրթական հաստատությունների
ղեկավարների վրա և նրանց ներքաշել նախընտրական գործընթացների մեջ: Այցելության
փաստը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: Ավելին, Սասուն
Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի գործունեության առաջին
իսկ ահազանգից հետո մեր շտաբի լրատվության պատասխանատուների կողմից
տեսալուսանկարահանվել են նրա այցելությունները (նյութերը կցվում են):
Նիկոլ Փաշինյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային
ժամերին, որպես շտաբի պետ այցելելով դպրոցներ, փորձել է իրականցնել քարոզչական և
քաղաքական գործունեություն: Ուսումնական հաստատությունները Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չունեն որևէ ուղղակի առնչություն ընտրությունների
կազմակերպման հետ: Նման գործառույթ վերապահված է Կենտրոնական ընտրական
հանձնաժողովին, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավաևման
մարմիններին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական թեմայով արդեն
հանդիպում ունեցել էր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Լևոն Մկրտչյանի հետ, որի մասին վկայում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան
գրառումը: Ավելի, ըստ մամուլի տեղեկությունների, ընտրությունների կազմակերպման
հարցերով նա հանդիպել էր նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ:
Այսքանով հանդերձ, մեղմ ասած, անհասկանալի է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի
պետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջագայությունը պետական ուսումնական
հաստատություններ, որոնց կանոնադրական նպատակների մեջ չի մտնում ընտրությունների
կազմակերպման հետ կապված որևէ գործառույթ:
Նիկոլ Փաշինյանը ակնառու խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8- րդ մասի, «ՀՀ ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման պահանջները:
Առաջարկում ենք ուսումնասիրել ներկայացված փաստերը և խնդրում միջոցներ ձեռնարկել
Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության
օրենսդրոթյան պահաջները խախտած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության
ենթարկելու և ապագայում նման օրինազանցություններ բացառելու համար»,-ասված է
դիմումում:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին: ՀՀԿ թեկնածուն է Հրազդանի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանը, որն այդ պաշտոնում է արդեն 14 տարի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է Սասուն Միքայելյանը, իսկ «Հայկական վերածնունդի» թեկնածուն` Արթուր Միսակյանը: