


Մարտական դիրքում զինծառայող Հովհաննես Հարությունյանի՝ գլխի հատվածում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, և մեղադրանք առաջադրվել մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած մեկ այլ զինծառայողի։
Ինչպես
տեղեկացրել է ՀՀ Զինվորական
քննչական գլխավոր վարչությունը, նախաքննությամբ ձեռնարկված
քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ
այն, որ զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակվել
նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն իրականացրած, կոչումով շարքային
մեկ այլ զինծառայողի կողմից։ Քննությամբ պարզվել է սպանության հանգեցրած
վիճաբանության պատճառը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ
քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը
կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել
դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու
վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 17-ին, ժամը 17:30 մոտ մարտական դիրքում թույլ է
տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հ.Հարությունյանը
(1997թ.ծնված) գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք։ Զինվորական
քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է
քրեական գործ՝ զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքի առթիվ։ Երկրորդ
կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու
կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ զինծառայողի մահ առաջացնելու դեպքի
առթիվ։


