
Հույն ժողովրդի բազմադարյա գոյապայքարը հանգեցրել է այն բանին, որ հույները կարողացել են պահպանել իրենց ազգային և մշակութային ինքնությունը: Այդ մասին 1821 թվականի մարտի 25-ին Հունաստանի՝ օսմանյան լծից ազատագրմանը նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:
ՙՀայաստանը ջերմորեն է ընդունել հույներին, ովքեր, շնորհիվ իրենց աշխատասիրության, կարողացել են ինտեգրվել հայ հասարակությանը, այդ թվում՝ պետական պաշտոններ զբաղեցնել, ինչի վառ օրինակը ՀՀ ԱԺ փոխնախագահն է: Ինչպես պատմությունն է վկայում, հայերը և հույները դարեր շարունակ իրար կողքի են եղել, համատեղ պայքարել են ընդհանուր թշնամիների դեմ, և այդ պայքարն ամրապնդել է երկու ժողովուրդների հարաբերությունները՚,- նշել է Հունաստանի դեսպանը:
ՀՀ ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան այցի արդյունքների և Թուրքիայի քաղաքականության առնչությամբ երկու երկրների համանման բացասական դիրքորոշման հետ կապված Անկարայի դժգոհությանը՝ հայտարարել է. ՙՉնայած Թուրքիայի տվայտանքին՝ հայերը և հույներն ընդհանուր ապագա ունեն: Մեր պայքարը թուրքերի դեմ չէ: Թուրքիան պայքարում է հայերի և հույների դեմ, բայց մեր պայքարն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն հանունի պայքար է… հանուն մեր ժողովուրդների, հանուն մեր եղբայրության և մեր երկու պետությունների, որպեսզի Հայաստանը և Հունաստանը, ինչպես նաև Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները մշտապես լինեն անկախ և ազատ: Եվ եթե խոչընդոտներ լինեն այդ ճանապարհին՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, մենք պատրաստ ենք համախմբել ջանքերը և համատեղ պայքար մղել՚:
ՀՀ ԱԺ փոխանախագահը, կարեւորելով Հունաստանի ազատագրումը օսմանյան տիրապետությունից, շնորհավորել է հունական համայնքի ներկայացուցիչներին եւ փաստել, որ հույն ժողովրդի համար ճակատագրական օրերին նրա կողքին են եղել հայերը, իսկ հայերի համար օրհասական օրերին՝ հույները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայերի եւ հույների դարավոր բարեկամության մասին խոսում է այն փաստը, որ դեռեւս 1870-ականներին օսմանյան խորհրդարանում հույն պատգամավորները բարձրացրին Հայկական հարցը: Էդուարդ Շարմազանովն իր խոսքում հիշատակել է Սարդարապատում և Արցախյան հերոսամարտի տարիներին հայ ժողովրդի կողքին մարտնչող հույների մասին: