


ԱրմԻնֆո. Ադրբեջանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Առաջին Արցախյան պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշարձանը։ Այս մասին հայտնում է Artsakh Monuments-ը՝ իր Fаcebook-յան էջում։
Նշվում է, որ արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծության համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շոշ գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Առաջին Ղարաբաղյան պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշահամալիրը ադրբեջանական վարչակարգի կողմից ենթարկվել են կանխամտածված ոչնչացման։
Նշենք, որ Արցախը օկուպացնելուց հետո Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել կամ զգալիորեն վնասել է հետևյալ մշակութային-կրոնական օբյեկտները։ 2024 թվականի ապրիլին Շուշիում ամբողջությամբ ավերվել է Կանաչ Ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին, Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Ղազանչեցոց գերեզմանատունը, Քարինտակ գյուղն ամբողջությամբ հողին է հավասարեցվել բուլդոզերներով, Ստեփանակերտում ապամոնտաժվել են հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Ոչնչացվել է նաև Մեծ Թաղեր գյուղում գտնվող մարշալ Խուդյակովի թանգարանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում ոչ միայն Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, այլև օկուպացված տարածքների ճարտարապետական կերպարի փոփոխության ուղղությամբ՝ դրանով իսկ փորձելով ոչնչացնել ինչպես արցախահայության մշակութային հիշողությունը, այնպես էլ իր տարածքներ վերադառնալու ձգտումը։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց։


