
Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն բյուրոյի անդամ Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։
«Հաշվի առնելով պարոն Մանյատիսի կուսակցական պատկանելիությունը և Եվրոպական խորհրդարանում հունական PASOK կուսակցության պատգամավորական խմբի ղեկավարի հանգամանքը՝ մտքեր ենք փոխանակել նաև ՀՅ Դաշնակցության և PASOK-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅ Դաշնակցության մոտեցումները Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ընթացիկ զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և առհասարակ արցախահայության հիմնարար իրավունքների, այդ թվում վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերին։ Շնորհակալություն եմ հայտնել այս հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի, սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի դիրքորոշումների, և անձնապես պարոն Մանյատիսի ներդրած ջանքերի համար», - գրել է Սաղաթելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։