


ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-լեհական գործընկերության հարցեր։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման կարևորությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում Միրզոյանը և Սիկորսկին գոհունակություն են հայտնել այս տարվա սեպտեմբերին Երևանում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների և դրանց շրջանակներում անցկացված հայ-լեհական գործարար և ներդրումային հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Նշվել է հայկական արտահանման դրական աճի դինամիկան դեպի լեհական շուկա և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայկական և լեհական ընկերությունների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների թվայնացման ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
Միրզոյանը և Սիկորսկին քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերության խորացման հարցեր։ Միրզոյանը բարձր է գնահատել Լեհաստանի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների, ինչպես նաև Հարավային Կովկասի նոր իրողությունների համատեքստում համագործակցության և կապակցվածության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք նաև քննարկել են համագործակցությունը «Երևանյան երկխոսություն» չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում 2027 թվականի մայիսին, այդ թվում՝ համաժողովին լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցության հետ կապված հարցեր։


