
Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն առանձին հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընդդիմադիր "Հայաստան" եւ "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ:
Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հետ ԵՄ պատվիրակության ղեկավարի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։
Աննա Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, դատական համակարգում առկա խնդիրների ու, իր խոսքով, քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորները նաև խոսել են խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացներից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։
Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում նաև անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանի հետ Վասիլիս Մարագոսի հանդիպման ժամանակ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության հետ առավել խոր ինտեգրմանը և Հայաստանում եվրոպական չափանիշների ու ինստիտուտների ներդրմանը։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ նպատակ ունեն հանդես գալու առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ նրա՝ այն կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը և կխորացնի տեղական կառույցների կապը եվրոպականի հետ։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք փնտրում են նոր գաղափարներ ինստիտուցիոնալ համագործակցության համար և համոզված են, որ եվրաինտեգրումն առաջին հերթին ինստիտուտների ու չափանիշների ինտեգրումն է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններում բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է։ Նա անդրադարձել է օրակարգային ծրագրերին՝ ենթակառուցվածքային նախագծերին, ԵՄ-Հայաստան փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության հաստատմանը:
Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տնտեսության զարգացմանն ու աջակցությանն առնչվող հարցերին: