
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է: Այդ մասին նա հայտարարել է Radio France International-ի հետ հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են անդամակցել ԵՄ-ին։
Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանի իշխանությունները, ի վերջո, ձգտում են դառնալ Եվրոպական միության լիիրավ անդամ: Նրա խոսքով ՝ սա տարբերակներից մեկն է, քանի որ դրա համար դեռ ԵՄ-ում պետք է ընդլայնման մասին որոշում կայացնեն, և միայն Հայաստանի ցանկությունն այստեղ բավական չէ։
"Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, մեր ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է", - ասել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հայ ժողովուրդն՝ ինքը, կորոշի լինել ԵՄ կազմում թե Եվրասիական տնտեսական միության կազմում, կամ՝ չլինել ոչ մի տեղ։ Նրա խոսքով ՝ Հայաստանի իշխանություններն, ամեն դեպքում, գնալու են ԵՄ բոլոր չափանիշներին համապատասխանելու ճանապարհով։
Ընդ որում, Հայաստանի վարչապետը խուսափել է երկրում ընդդիմության հետապնդման վերաբերյալ հարցին պատասխանելուց, ինչը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵՄ-ը։ Փորձելով արդարացնել իր ընդդիմախոսների հետապնդումները ՝ Փաշինյանը սկսել է անտրամաբանական արդարացումներ բերել՝ այդպես էլ, ըստ էության, ոչինչ չասելով։ Համոզիչ լինելու համար նա սկսել է պատմել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի մասին, որը նույնպես "պատահական զուգադիպությամբ" ձերբակալում է միայն ընդդիմության ներկայացուցիչներին և չի տեսնում իշխանություններին հավատարիմ անձանց հանցավոր գործողությունները։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը և հայկական գյուղմթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակող միջոցներին՝ Փաշինյանը վերստին սկսել է կրկնել իշխանության ցանկության մասին թեզերը՝ որպեսզի հայ ժողովուրդն ամեն ինչում այլընտրանք ունենա։
Համոզիչ լինելու համար նա նշել է երկրում և աշխարհում բենզինի գներին առնչվող օրինակը։ Ընդ որում, Հայաստանի վարչապետը, ով, ըստ երեւույթին, ծանոթ չէ Հայաստանում բենզինի գներին, որոնք խիստ բարձրացել են սեպտեմբերին, հավաստիացրել է, որ հենց իշխանությունների դիվերսիֆիկացման քաղաքականության շնորհիվ է, որ իրենց հաջողվել է խուսափել երկրի էներգետիկ շուկայում լուրջ ցնցումներից:
"Օրինակ, նախկինում Հայաստանում բենզինի և նավթամթերքի ներմուծման հարցում ամեն ինչ շատ կենտրոնացված էր, և ցանկացած արտաքին ազդեցության դեպքում մենք լուրջ խնդիրներ էինք ունենում։ Այսօր մեզ մոտ մի քանի տասնյակ կազմակերպություններ զբաղվում են բենզինի ներկրմամբ։ Դա թույլ է տվել ավելի մեղմ տանել էներգառեսուրսների միջազգային շուկայում ճգնաժամերը",- նշել է նա։
Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանը, գործնականում, չի զգացել Ուկրաինայի շուրջ ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ վառելիքի շուկայում առաջացած ճգնաժամը։ Ընդ որում, նա լռության է մատնել այն հանգամանքը, որ երկրում բենզինը մեկ ամսում թանկացել է մեկ լիտրի դիմաց մոտ 100 դրամով՝ 540 դրամից մինչեւ 630 դրամ՝ թանկությամբ առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից:
Այնուհետև նա կրկին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում առաջիկայում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին հանրապետության անդամակցության վերաբերյալ, նկատելով, որ այժմ դա իրատեսական չէ։ Միաժամանակ, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու կամ դրանք խզելու նպատակ չեն հետապնդում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանին չի սպասում Ուկրաինայի ճակատագիրը, ինչի մասին Երևանին զգուշացնում են որոշ ռուս պաշտոնյաներ: "Ոչ, չեմ կարծում։ Չեմ կարծում և վստահ եմ, որ չի սպասում", - ասել է Փաշինյանը։
Հարցազրույցում Հայաստանի կառավարության ղեկավարը վերստին կրկնել է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության և խաղաղության դարաշրջանի շրջանակներում զինված ուժերում իրականացվող բարեփոխումների մասին թեզերը: