


ԱրմԻնֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անդրադարձել է քաղաքում ՃՏՊ-ների պատճառով երթևեկության դժվարացման խնդրին։ Հոկտեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցության ընթացքում նա կրկնել է, որ ծանր հետևանքներ չունեցող ՃՏՊ-ների դեպքում միջադեպի մասնակիցները 15 րոպեի ընթացքում պետք է ազատեն երթևեկելի հատվածը, հակառակ դեպքում կտուգանվեն։
<Մարդիկ պարտավոր են դուրս գալ, լուսանկարել և շարունակել ճանապարհը։ Ապահովագրական ընկերությունները պետք է դուրս գան իրենց հարմարավետության գոտուց։ Չի կարելի, որ մեկ վթարի պատճառով այս կամ այն պողոտայում երթևեկությունն ամբողջությամբ կանգնի։ Ապահովագրական ընկերությունները պետք է վնասի չափը գրանցելու ուղիներ գտնեն>, - ասաց նա։
Ավինյանը նկատեց, որ քաղաքապետարանը նույնպես պետք է գործի դնի բոլոր հնարավոր մեխանիզմները, այդ թվում՝ օգտագործի տեսահսկման տեսախցիկները, դեպքի վայր ուղարկի աշխատակիցների և այլն։ <2 ամսվա ընթացքում անհրաժեշտ է խախտումների դեպքում գտնել օպտիմալ մեթոդներ, մարդկանց ուղարկել ՃՏՊ-ի վայր, հաշվարկել 15 րոպեն և սկսել տուգանել։ Սա հստակ ուղերձ է ապահովագրական ընկերություններին և բոլոր նրանց, ովքեր այս իրավիճակի հետ կապված որոշակի շահեր ունեն։ Պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց և մտածել նորարարական մեթոդների մասին>, - կրկնեց նա։


