
Արմինֆո. Մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հայտը՝ Նոբելյան կոմիտեն իր անվստահությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Նոբելյան մրցանակի կոմիտեն մերժել է ԱՄՆ նախագահին խաղաղության մրցանակի արժանացնելու՝ Փաշինյանի և Ալիևի համատեղ դիմումը:
Ըստ Դոնալդ Թրամփի սոցցանցում (https://www.trumpstruth.org/statuses/42220 ) արված գրառման՝ նա կարգավորել է ութ հակամարտություն, իսկ խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է մի կին, ում ոչ ոք չի ճանաչում և չգիտեն, թե ինչի համար:
Տարբեր աղբյուրներ նշում են, որ մրցանակ ստացած կինն ավելի շատ հայտնի է որպես ՀԱՄԱՍ-ի ջատագով ու նրա շահերի պաշտպան:
Նախագահ Թրամփի գրառումից ակնհայտորեն երևում է, որ նա նեղացած է նաև Նորվեգիայից ու բարկացած է տեղի ունեցածով: Նա նշել է, որ հակամարտությունների կարգավորման ընթացքում հանդես է եկել ԱՄՆ անունից: ԱՄՆ և իր նախագահը պետք է արժանանային խաղաղության ութ մրցանակի՝ յուրաքանչյուր հակամարտության կարգավորման համար:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի համատեղ դիմումը մերժելով՝ նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն: Կարծում եմ կա նաև այդ հանգամանքը:
Այնպես, ինչպես նախորդ տարիների մրցանակների տրամադրման հարցում վստահ չի եղել Իրանի և Իսրայելի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կամ Պակիստանի և Հնդկաստանի միջև «խաղաղության» հարցերում: Այդ հակամարտությունները ևս նախագահ Թրամփը դասում է իր կողմից կարգավորված խնդիրների շարքին, որոնց համար ակնկալվում էր խաղաղության մրցանակ:
Նախորդ տարիներին ԱՄՆ Նսխագահ Թրամփին խաղաղության մրցանակ տրամադրելու համար, Նորվեգիայի նոբելյան կոմիտեին դիմել են Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Տիբրինգ-Գյեդդեն, ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան, Պակիստանի կառավարությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և ԱՄՆ կոնգրեսական Կլաուդիա Թեննին», - Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է ՀԱՀ իրավաբան և իրավապաշտպան Նավանեթհեմ "Նավի" Փիլեյին: Դափնեկրի հայտարարումը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Օսլոյում։ Նա պարգեւատրվել է միջազգային իրավունքի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության հետապնդմանն ուղղված ջանքերում նշանակալի ավանդի համար: Տարբեր տարիներին նա եղել է ՀԱՀ Բարձր դատարանի դատավոր (այդ պաշտոնում առաջին կինը ոչ սպիտակ փոքրամասնությունից է), Ռուանդայի գծով միջազգային քրեական տրիբունալի նախագահ, Միջազգային քրեական դատարանի դատավոր, իսկ 2008-2014 թվականներին զբաղեցրել Է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։ 2026 թվականին մրցանակային ֆոնդը կազմում է 12 միլիոն շվեդական կրոն (մոտ 1,21 միլիոն դոլար), որն ուղեկցվում է ոսկե մեդալով և դիպլոմով: