
Արմինֆո. Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հաղորդել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի եւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն անցնում է դատաքննության փուլ: Գործով առաջին դատական նիստը, նրա խոսքով, տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին: "Այդ առնչությամբ ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ չկա որևէ ողջամիտ բացատրություն, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ: Հաշվի առնելով, որ դատաքննությանը խոչընդոտելու որևէ փորձ չի արվել և չի լինելու: Եվ, հատկապես, հաշվի առնելով, որ հայաստանյան իշխանության ներկայացուցիչներն իրենք են վստահեցնում, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Նրանք դա ապացուցելու հիանալի հնարավորություն ունեն", - ընդգծել է Տոնոյանը։
ԲՀԿ մամուլի քարտուղարը խոսել է նաև Ծառուկյանի ընկերությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ գործի շրջանակներում կապարակնքվել են շուրջ 15 ընկերություններ, որոնց գործունեությունը վերջին երեք ամիսներին կաթվածահար է եղել։ "Արդյունքում՝ ավելի քան 10 000 աշխատող մնացել է առանց վաստակելու միջոցի։ Սակայն, առաջին ատյանի դատարանների որոշումներով մի քանի ընկերությունների գործունեությունը վերականգնվել է։ Խոսքը "Եվրոմոթորս", "Մուլտի Տաբակ", "Մուլտի Գրուպ Սթոուն", "Օլիմպավան" ընկերությունների մասին է։ Դատարաններն արձանագրել են, որ դրանց կապարակնքումը եղել է ոչ իրավաչափ։ Ընդ որում, ենթադրում եմ, որ նման որոշման հետ կապված պետք է ակնկալել վերաքննիչ բողոք", - ամփոփել է Տոնոյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) մեջ ։ Հետաքննության վարկածով ՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձինք, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը ՝ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել էին։ Դրանց մի մասն ազգայնացվել է պետության կողմից։ Սեպտեմբերի 4-ին դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ծառուկյանի կալանքը։ -0-