


Արմինֆո. Թուրքմենստանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանի հանդիպումը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու կողմերը, նշելով երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները, գոհունակություն են հայտնել, որ դրանք նպաստում են հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացմանը և ընդլայնմանը։
Վարչապետը ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հարուստ օրակարգ, և իրանական ընկերությունները մասնակցում են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերին։
Կողմերը վստահություն են հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակի։ Ընդգծվել է նաև մոտ ապագայում նախատեսված բարձր մակարդակի այցելությունների կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Պեզեշկյանը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


