


Արմինֆո. Հոկտեմբերի 8-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի առաջնորդությամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, Նորին սրբությունն իր հայրական օրհնությունն է բերել ուխտավոր հայորդիներին և գնահատանք հայտնել Տեր Սարգիս քահանային՝ դեպի հայրենիք ուխտագնացություններ կազմակերպելու բարի ավանդույթը հետևողականորեն պահպանելու համար։ Այս առնչությամբ Վեհափառ հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի հայորդիներին առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին ու առկա մարտահրավերներին, հայրենի սրբություններից ոգեշնչվելու և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով առավել զորացնելու համայնքային կյանքը և իրենց կարելի նպաստը բերելու հայրենիքի ու հայ ժողովրդի բարօրությանը։
Վերջում Հայոց հովվապետը պատասխանել է նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց եկեղեցու կրթական ծրագրերին, հոգևրականների պատրաստությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությանը։


