
Արմինֆո. 100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ, այդ թվում՝ 26 սենատոր և 75 կոնգրեսական, կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո ծառայությունը, որպես պատճառ նրանք նշել են Բաքվի կողմից ապօրինի ձերբակալված հայերի նկատմամբ մեղադրական դատավճիռների կայացումը, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող բռնազավթումը:
Երկպալատ, երկկուսակցական արշավը, որին աջակցում է ANCA-ն, ղեկավարել են սենատորներ Գարի Փիթերսը և Ադամ Շիֆը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը: Նամակի համահեղինակներն են Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովների և ենթահանձնաժողովների ղեկավարներ:
ANCA-ում պատմել են, որ այդ նախաձեռնությունը պատասխան է 907 ուղղումով նախատեսված սահմանափակումների շրջանցմանը՝ Թրամփի վարչակազմի կողմից, որը վերսկսում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ կասեցրել է 907-րդ հոդվածի գործողությունը 2025 թվականի օգոստոսին ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովից հետո, իսկ 2026 թվականի հուլիսին պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին նախագահական այդ արտոնությունից կրկին օգտվելու մտադրության մասին։
Հոկտեմբերի 5-ի իրենց նամակում օրենսդիրները, ի թիվս այլ հանգաամանքների, հիշատակում են Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ավերումը, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլին Ստեփանակերտում երկու եկեղեցիների քանդման մասին հաղորդագրությունները։ Նրանք նաև մատնանշում են Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 241 քառակուսի կիլոմետր տարածքում Ադրբեջանի ռազմական ներկայության ուժեղացումը՝ 2021 և 2022 թվականներին ապօրինի ներխուժումներից հետո։ Օրենսդիրները նշում են, որ 2024 թվականի մայիսին Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել 4 գյուղ, մինչդեռ, Բաքուն չի արձագանքել Հայաստանի բռնազավթված տարածքներից իր զորքերի դուրսբերմամբ:
Նամակն ստորագրած օրենսդիրները կոչ են անում վարչակազմին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանը գործնական քայլեր չի ձեռնարկել հայ բանտարկյալներին ազատելու, հայկական մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու և իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ:
"ԱՄՆ Կոնգրեսը հստակ արտահայտել է երկկուսակցական և երկպալատ կոնսենսուս։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկությունից հետո, որտեղ 44 ձայն է տրվել Ադրբեջանից հայ պատանդներին ազատ արձակելու պահանջի օգտին՝ 7 դեմ ձաայնի դեպքում, ավելի քան 25 Նահանգների 100-ից ավելի օրենսդիրներ կոչ են արել Թրամփի վարչակազմին կիրառել 907-րդ հոդվածը եւ դադարեցնել ամերիկյան զենքի մատակարարումը եւ օգննությունը նավթով հարուստ Ադրբեջանին: Նրանք ընդգծել են, որ Ալիևի կոռումպացված և ցեղասպան ռեժիմը կարիք չունի և արժանի չէ ամերիկյան առատաձեռնությանը, հատկապես, այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգներում բազմաթիվ ամերիկացիներ բախվում են տնտեսական դժվարությունների", - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։