
Արմինֆո.Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայյությունը։
«Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այդ կինոթատրոնը, որն ավելի վաղ կոչվում էր "Ռոսիա", պատկանում է ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Կինոթատրոնն արդեն վաղուց կորցրել է իր կարգավիճակը, և ներկայումս այնտեղ գործում է տոնավաճառ։ Հայաստանի իրավապահ մարմինները լայնածավալ գործընթացներ են իրականացնում 1990-ականներին և 2000-ականներին ապօրինի սեփականաշնորհված պատմական օբյեկտները պետությանը վերադարձնելու ուղղությամբ: Գլխավոր դատախազությունն արդեն փորձել է վիճարկել Սուքիասյանների իրավունքները Երևանի կենտրոնում գտնվող մեկ այլ առանցքային շենքի՝ "Սիլ Պլազա" բիզնես-կենտրոնի նկատմամբ, սակայն 2025 թվականի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պետության հայցը և շենքը թողել Սուքիասյաններին։ Զուգահեռաբար դատախազությունը պահանջում է քաղաքին վերադարձնել այլ կինոթատրոնների, օրինակ, "Մոսկվա" կինոթատրոնի տարածքները։ Այս ֆոնին հասարակության շրջանում և մամուլում պարբերաբար քննարկվում է այն հավանականությունը, որ դատախազության թիրախում հաջորդ օբյեկտը կարող է լինել նաև "Ռոսիա" կինոթատրոնը, որը սեփականաշնորհվել է 2004 թվականին համեմատաբար ոչ մեծ գումարի՝ 500 հազար դոլարի դիմաց: