


Արմինֆո.Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոը՝ Lead Sponsorը։
Համաժողովին Բանկը ներկայացնում են Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նելլի Քոչարյանը և Ներդրողների հետ հարաբերությունների վարչության պետ Լուսինե Բալանյանը, որոնք նաև հանդես կգան համաժողովի մասնագիտական քննարկումների շրջանակում։
Նելլի Քոչարյանը կմասնակցի BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։ Իր խոսքում նա կանդրադառնա միջազգային մասնագիտական հարթակներում, մասնավորապես՝ BACEE-ի շրջանակում ձևավորված համագործակցության փորձին, դրա ընձեռած հնարավորություններին և գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման ներուժին։
Լուսինե Բալանյանը հանդես կգա «Կայուն ֆինանսավորման դերի վերաիմաստավորումը բանկում» (Rethinking Where Sustainable Finance Sits in the Bank) թեմայով զեկույցով։ Նա կներկայացնի Կոնվերս Բանկի փորձը կայուն ֆինանսավորման ոլորտում՝ անդրադառնալով ոլորտի զարգացմանը նպաստող գործոններին, ֆինանսական պրոդուկտների ձևավորման մոտեցումներին և կայուն ֆինանսավորումը բանկի բնականոն գործունեության տարբեր ուղղություններում ինտեգրելու նշանակությանը։
Նշենք, որ հոկտեմբերի 8-9-ն անցկացվող համաժողովը համախմբել է միջազգային ֆինանսական կառույցների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների և ոլորտի փորձագետների։ Քննարկումների առանցքում են բանկային ոլորտի զարգացման միտումները, միջազգային համագործակցության կարևորությունը, կայուն և առևտրի ֆինանսավորման առանձնահատկությունները, ռիսկերի կառավարումը, թվային փոխակերպումն ու ոլորտի այլ արդիական հարցեր։


