


ԱրմԻնֆո։ Հայաստանում՝ Հրազդանում, բացված Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը սպառնում է երկրի անվտանգությանը, քանի որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա կողմից մշակվող տվյալներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
"Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի դեմ, վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար", - հավելել է նա, հայտնում է «Ведомости»-ն։
Բացի այդ, Շևցովը նշել է, որ տվյալ օբյեկտի աշխատանքի համար հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա կպահանջվի։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի պակասի, որն անդրադառնալու է շարքային քաղաքացիների վրա։
Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նաև մեկնաբանել է հանրապետության իշխանությունների հայտարարությունները միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ մոդուլային ռեակտորների կառուցման հարցում Վաշինգտոնի վրա հույս դնել չարժե։ "Կցանկանայի ընդգծել, որ ԱՄՆ-ը արտերկրում չի կառուցել և չի կառուցում ոչ մի փոքր մոդուլային ռեակտոր", - հայտարարել է նա։
Բացի այդ, Ֆրանսիայում, որը նույնպես հաճախ նշվում է որպես հնարավոր գործընկեր, ոչ մի ռեակտոր չի կառուցվել, իսկ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներ Փարիզը չունի։ Շևցովը հիշեցրել է, որ «Ռոսատոմը», իր հերթին, արտերկրում կառուցում է 30 էներգաբլոկ, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորներ։ "Այս կապակցությամբ ընտրությունը, ինչպես ասում են, ակնհայտ է", - հստակեցրել է նա։
Սեպտեմբերի 22-ին Bloomberg-ը գրել էր, որ Հայաստանում Firebird-ի հաշվողական կլաստերը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2027 թվականի վերջը հասցնելով Nvidia-ի ավելի քան 70 000 առաջադեմ արհեստական բանականության չիպերի։ Դրա հզորությունը պետք է հասնի 300 ՄՎտ-ի, ինչը համալիրը կդարձնի Եվրոպայի խոշորագույններից մեկը։ Տվյալների կենտրոնը Հրազդանում բացվել է օգոստոսին։ Դրա հաշվողական հզորությունների շուրջ 20%-ը նախատեսվում է օգտագործել Հայաստանի ներսում։


