
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):
ՀՀ փաստաբանների պալատի հաղորդագրության համաձայն, խորհրդի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերել էին փաստաբան Երեմ Սարգսյանին առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելուն, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելուն, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելուն:
Քննարկելով փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումը և նրա կողմից բարձրացված հարցերի առնչությամբ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները ։
Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը։
CCBE-ն իր պատասխանում հիշեցրել է, որ փաստաբանների դերն արդարադատության իրականացման և օրենքի գերակայության պաշտպանության գործում առանցքային նշանակություն ունի: Մասնավորապես, CCBE-ն նշել է, որ փաստաբանները պետք է կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել՝ գործելով անկախ և առանց անհարկի միջամտության՝ անկախ վարույթի բնույթից, վստահորդի ինքնությունից կամ գործի առանձնահատկություններից։
CCBE-ն հատուկ ընդգծել է, որ այս սկզբունքը առավել կարևոր նշանակություն ունի քրեական վարույթներում, քանի որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներից է։
CCBE-ն փաստացի վերահաստատել է այն միջազգային սկզբունքը, ըստ որի՝ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ նրա մասնագիտական գործունեության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները պետք է պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։
CCBE-ն իրավասու մարմիններին կոչ է անում ապահովել, որպեսզի այս հիմնարար սկզբունքները գործնականում լիարժեքորեն պահպանվեն, և փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել անկախ, ազատ և առանց անպատշաճ միջամտության՝ միաժամանակ երաշխավորելով քրեական վարույթի շրջանակում գտնվող անձանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը։
Հատկանշական է նաև, որ CCBE-ն իր պատասխանում Հայաստանին կրկին կոչ է արել առաջնահերթ կերպով ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան։
«ՀՀ փաստաբանների պալատը կարևորում է CCBE-ի այս արձագանքը՝ որպես փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և անձանց պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հիմնարար երաշխիքների վերահաստատում», - ասվում է հաղորդագրությունում։
Փաստաբան Երեմ Սարգսյանը 2026 թվականի հուլիսին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հեռացվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունից: Քննչական մարմիններն այդ որոշումը հիմնավորել են նրանով, որ տուժողներից մեկը հայտարարել է, թե փաստաբանը ներկա է եղել Ծառուկյանի հետ իր որոշ հանդիպումների։
Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը հուլիսի 7-ին բավարարել է ԲՀԿ առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանի որոշմամբ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով, այնուհետև կալանքը կրկին երկարացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախություն կազմակերպելու և հանցավոր եկամուտներն օրինականացնելու համար։ Քննության վարկածով ՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձինք, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս ։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել ՝ ապօրինի որսի համար։
Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են նաև երկրում ցեմենտի արտադրության խոշորագույն "Արարատցեմենտ" գործարանի և "Նոյ" կոնյակի գործարանի ազգայնացման գործընթաց, որոնք պատկանում են Ծառուկյանին: Ծառուկյանի հետ կապված ընկերություններն արդեն 4-րդ ամիսն է պարապուրդի են մատնված։