
Արմինֆո. Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունը Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որտեղ ներկայացվել է գերմանացի գործիչներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեությունը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Սկադի Յենիկեին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և պաշտոնապես դատապարտել այդ գործողությունները: Բանաձևին դեմ է քվեարկել Բունդեսթագի ընդամենը մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Օրակարգի կետը վերնագրված էր. "Ի հիշատակ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության": Բանաձևում նշվում է Գերմանիայի կառավարության կողմից պատմական իրադարձությունների համար պատասխանատվության իր բաժինը ճանաչելու, ինչպես նաև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները ՝ հայերի տեղահանությունն ու սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին: Բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հետ էր կանչել ԳԴՀ-ում իր դեսպանին ՝ մինչև հետագա գործողությունների որոշումը։