
Արմինֆո.Անհետ կորած անձանց թեման հավասարապես հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է, որ այս օրերին Բաքվում տեղի է ունենում այդ թեմային նվիրված հերթական խորհրդաժողովը, որը փորձում են շահարկել որոշ ընդդիմադիր ուժեր: Նա հետաքրքրվել է, թե արդյոք Միրզոյանն այդ հարցը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՄԱԿ գագաթնաժողովի հարթակներում։
Ի պատասխան՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համաձայնել է, որ Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներում քննադատության հերթական ալիք է սկսվել ՀՀ ղեկավարության հասցեին, որ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Հայաստանի նկատմամբ հերթական պահանջներով: "Մինչդեռ, մենք եւս ունենք անհետ կորածների, հարակից հումանիտար հարցերի խնդիր։ Եվ, եթե Բաքուն հանդես է գալիս ինչ-որ պահանջներով, ապա դա նաև մեր պահանջն է։ Մենք այսօր խոսում ենք հայ գերիների վերադարձի և անհետ կորածների ճակատագրերը պարզելու անհրաժեշտության մասին։ Արդեն բազմիցս ասվել ու ասվում է․ այդ թեման մեր օրակարգում մշտական է։ Այդ մասին խոսվել է նաև Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։ Հայկական կողմը բազմիցս կոչ է արել շոշափելի դարձնել այդ աշխատանքը", - ասել է Արարատ Միրզոյանը, հավելելով, որ այդ թեման բարձրացվել է նաև Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
ԱԳՄԱ նախարարը նշել է, որ դա Բաքվի պահանջը չէ, այլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում բարձրացվող մշտական թեմաներից մեկը:
Նշենք, որ Բաքվում ընթանում է "Վստահության ամրապնդում եւ անհետ կորածների խնդրի կարգավորման համար արդյունավետ մեխանիզմների ու լուծումների մշակում" IV միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել է Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ՝ անհետ կորածների վերաբերյալ Բաքվի երկխոսության շրջանակներում: Ելույթ ունենալով խորհրդաժողովում ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի պատերազմի հետևանքով անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, ինչպես նաև զանգվածային և անհատական հուղարկավորությունների վայրերի մասին: "Չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը ադրբեջանական պետության համար մնում է կարևորագույն հարցերից մեկը։ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնումը, ինչպես նաև նրա վարած հետևողական քաղաքականությունը պատմական հնարավորություն են ստեղծել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության համար", - ասել Է Ադրբեջանի նախագահը: Նա նաև նշել է, որ "կայուն խաղաղության հաստատումը քաղաքական համաձայնագրերի հետ մեկտեղ պահանջում է վստահության ամրապնդում և հակամարտության հումանիտար հետևանքների վերացում": "Պատերազմից հետո նոր հնարավորություններ են բացվել մեր անհետ կորած քաղաքացիներին գտնելու համար։ Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանների առարկա: Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի մասին ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար", - ասել է նա։