
Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ․ քննարկվել են Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։
Ինչպես հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հանդիպման մասնակիցներին՝ Հայոց եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարևորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը Եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում։
Ապա ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանն անդրադարձել են Հայոց եկեղեցուն առնչվող նախաձեռնություններին՝ վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այդ առնչությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։ Ներկայացվել են նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվել է, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվել է նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։
Ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին սրբությունը կարևորել է ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, և հայցեց Տիրոջ զորակցությունը արդարության և ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը։