
Արմինֆո. Ալեքսանդր Ավանեսով։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին վերագրվող որոշ նկարներ պատկանել են ընտանիքի մյուս անդամներին և ստացվել են նվիրատվությամբ: Այդ մասին հաղորդել է Խաչատրյանի փաստաբանական թիմը։
2026 թվականի հոկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 նկարներն այժմ հասանելի կլինեն հանրությանը ։ Քննչական կոմիտեի նախագահը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ, որտեղ տեղում ծանոթացել են ՊԵԿ նախկին նախագահից և ֆինանսների նախկին նախարարից առգրավված նկարների ցուցահանդեսին: Այդ նկարները իրեղեն ապացույցներ են ճանաչվել 2026 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:
Խաչատրյանների փաստաբանական խումբը խիստ մտահոգություն է հայտնել նախաքննական մարմնի նման ակնհայտ ապօրինի գործողությունների վերաբերյալ։ «Մասնավորապես, այս գործողությունները ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են և ոչ միայն կոպիտ կերպով խախտում են այդ կտավների սեփականատերերի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ակնհայտորեն ոտնահարում են նրանց մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
Այս համատեքստում նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե իբրև այդ բոլոր կտավներն առգրավվել են Գագիկ Խաչատրյանից, քանի որ դրանք առգրավվել են Խաչատրյաններին պատկանող բնակարանից, որում գտնվել են ընտանիքի բազմաթիվ անդամներին պատկանող, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում նրանց նվիրված կտավներ, որոնց առգրավումը ևս ակնհայտ անօրինական է։
Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը մինչ այս պահը այդ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ գեթ մեկ պարզաբանում չի փորձել ստանալ Խաչատրյաններից։
Ավելին՝ չնայած, որ վարույթն իրականացնող մարմինն անօրինական կերպով կտավների սեփականատերերին զրկել է իրենց սեփականությունն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից, սակայն մինչ այս պահը կտավների սեփականատերերին կամ նրանց փաստաբաններին չեն տրամադրել այդ կտավները որպես իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք Ազգային պատկերասրահին ի պահ հանձնելու մասին որոշումը։
Եվ դա այն դեպքում, որ օրենքը հստակ նախատեսում է, որ եթե իրեղեն ապացույցները վարույթն իրականացնող մարմինը չի կարող պահել իր մոտ, ապա դրանք առաջնահերթ կարգով վերադարձվում կամ ի պահ են հանձնվում հենց դրանց օրինական տիրապետողներին։
Միաժամանակ, օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։
Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց ցուցադրությունը, այլ ոչ թե անվնաս պահպանությունն ինքնին վկայում է այն մասին, որ այդ կտավները չեն եղել և չեն կարող սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց լինել, ինչպես և պնդել է պաշտպանության կողմը և դրանց առգրավումն միայն նման անօրինական նպատակ է հետապնդել։
Եթե դրա անհրաժեշտությունն առկա է, ապա Խաչատրյաններն անձամբ կարող են կազմակերպել այդ կտավների բաց ցուցադրությունը, իսկ վարույթ իրականացնող մարմնի գործողությունը պետք է բխեն բացառապես օրենքից։
Նշենք, որ այս բոլոր հարցերի պարզաբանման նպատակով գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե և պատասխանը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, այս հարցի կապակցությամբ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ», - ասվում է փաստաբանական թիմի հայտարարությունում։