
ԱրմԻնֆո. Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) հոկտեմբերի 29-ին Աստանայում կանցկացնի "Դեպի հավասարակշռված տնտեսական զարգացում" խորագրով միջազգային տնտեսական համաժողովը։
Ինչպես հայտնում է ԵԿԶՀ մամուլի ծառայությունը, համաժողովը մեկտեղելու է տնտեսական քաղաքականություն մշակող մարմինների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, փորձագիտական և ակադեմիական հանրության ներկայացուցիչներին՝ Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների երկարաժամկետ աճի առանցքային գործոնները քննարկելու համար։
Համաժողովի ծրագիրը կառուցված է տնտեսական քաղաքականության գործնական ասպեկտների շուրջ՝ հավասարակշռված և կայուն աճի ապահովում, Եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների աճի ներուժի որոշում, ժողովրդագրական փոփոխություններ և բարձր արտադրողականությամբ զբաղվածության աճի համար պայմանների ստեղծում։
"Այսօր տարածաշրջանի տնտեսությունների համար հարցն այն չէ, թե ինչպես աճել ավելի արագ, այլ այն, թե ինչպես պահպանել կայուն աճը հինգ, տասը կամ տասնհինգ տարի անց։ Հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք Աստանայում հավաքել այն մարդկանց, ովքեր ձևավորում են տնտեսական քաղաքականությունը, վերլուծում այն և գործնականում որոշումներ ընդունում։ Հրավիրում ենք գործընկերներին միանալու այս քննարկմանը. որքան շատ լինեն մեկ սեղանի շուրջ մասնագիտական տեսակետները, այնքան արժեքավոր կլինի արդյունքը", - նշել է ԵԿԶՀ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը։
Համաժողովի բովանդակային մասը կբացի "Պահպանել բարձրությունը. տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները նոր ցիկլում" խորագրով լիագումար նիստը։ Դրա մասնակիցները կքննարկեն տնտեսական աճին աջակցելու միջոցների համադրումը մակրոտնտեսական կայունության ապահովման խնդիրների հետ, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների երկարաժամկետ կայունության բարձրացման համար անհրաժեշտ կառուցվածքային և ինստիտուցիոնալ վերափոխումները։
Առանձին պանելային նիստը նվիրված կլինի ԵԿԶՀ-ի "Տնտեսական աճը, ժողովրդագրությունը և աշխատաշուկան. սպասումներն ու իրականությունը" առաջատար զեկույցի ներկայացմանը։ Զեկույցում ներկայացված են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի աշխատաշուկաների ընդհանրացված վերլուծության արդյունքները։ Մասնակիցները կքննարկեն, թե ինչ մարտահրավերներ կարող են աշխատաշուկաները ստեղծել տնտեսական քաղաքականության համար՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, ժողովրդագրական համատեքստը և տնտեսական աճի հետ կապը։ Հատուկ ուշադրություն կդարձվի բարձր արտադրողականությամբ զբաղվածության ստեղծման խնդիրներին, աշխատանքային միգրացիային և ոչ ֆորմալ գործունեությանը։
Օրվա երկրորդ կեսին կանցկացվի երկու կլոր սեղան՝ "Եվրասիայի տնտեսությունների աճի ներուժը. ցանկալիի և հնարավորի հատման կետում" և "Աշխատատեղեր ստեղծող աճը և տնտեսական աճ ստեղծող աշխատատեղերը"
Առաջին սեղանը նվիրված կլինի աճի երկարաժամկետ հնարավորությունների գնահատմանը, ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական և ժողովրդագրական պայմանների, ինչպես նաև ներդրումային ակտիվության, տնտեսական բարեփոխումների և դրանց տարածաշրջանային ազդեցությունների դերին։
Իսկ երկրորդի ընթացքում փորձագետները կքննարկեն ֆորմալ մասնավոր հատվածի զարգացման խոչընդոտները, տնտեսությունների աճի նոր աղբյուրները, մարդկային կապիտալի դերը և բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծման խթանները։