
Արմինֆո. Հայաստանը ցանկանում է Գյումրիի ռազմակայանի ապագայի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
"Ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանում կառավարող վերնախավը հաճախ սպասում է, որ առավել կարևոր որոշումները կկայացվեն արտաքին խաղացողների կողմից", - ասել է նա՝ գործակալության հետ հարցազրույցում։
Դիվանագետը օրինակներ է բերել. Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար, նախ, պետք է դրական արձագանք ստանալ Բրյուսելից: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ռեպլիկներ են հնչում, որ, եթե Հայաստանին հեռացնեն, ապա դա կառավարությանը կազատի դուրս գալու, թե մնալու երկընտրանքից Դրա հետ մեկտեղ, Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրիի ռազմակայանի հետ կապված բոլոր հարցերը։ Երկխոսությունը կառուցվելու է համաձայնագրերի հիման վրա, որոնք կարգավորում են ռուսական զորակազմի ներկայությունը, ընդգծել է Կալուգինը ։
Նա նաև նշել է, որ եթե նման խոսակցություն տեղի ունենա, ապա անդրադարձ կկատարվի նաև հայկական որոշ լրատվամիջոցների հարթակներում շրջանառվող նյութերին, որոնց նպատակն է վարկաբեկել ռուսական ներկայությունը՝ այն ներկայացնելով գրեթե որպես "օկուպացման տարր":
"Հուսով ենք, որ նման սյուժեների և հոդվածների հեղինակներն իրենց հաշիվ են տալիս, որ իրականում որևէ լուրջ այլընտրանք չկա",-ասել է դեպարտամենտի տնօրենը:
Ընդ որում, Հայաստանի բնակչությունը, դատելով վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից, դա շատ լավ հասկանում է, հավելել է Կալուգինը։
"Հանրապետության քաղաքացիների վստահ մեծամասնությունը հանդես է գալիս Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու շարունակականության օգտին, որն այս տարիների ընթացքում շատ քաղաքացիների համար դարձել է գրավչության վայր ։ Առնվազն դա երեւում է այն հետաքրքրությունից, որը նրանք ցուցաբերում են պարբերաբար անցկացվող բաց դռների օրերի նկատմամբ", - եզրափակել Է դիվանագետը։
Գործակալությունը հիշեցրել է, որ սեպտեմբերի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե, Երեւանի կարծիքով, Գյումրիի ռազմակայանն անհրաժեշտ չէ, ռուսական կողմը հենց վաղը կհեռանա եւ ոչինչ չի պարտադրի: Ինչպես այն ժամանակ ընդգծել էին Ռուսաստանի ԱԳՆ - ում, այդ ռազմական օբյեկտը թե Հայաստանի, թե Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հենակետային տարրերից մեկն է ։ Այն այնտեղ տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի հիման վրա։ 2010 թվին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել. ռազմակայանի գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգել է մինչև 2044 թվականը։