
Արմինֆո. "Հայաստան" խմբակցությունը ողջունում է ՀՀ Զինված ուժերում հաճախակի դարձած զինծառայողների ինքնասպանությունների եւ մահվան դեպքերի, ինչպես նաեւ վերջերս ադրբեջանցի զինծառայողի Շաքի գյուղ ներթափանցմանն առնչվող միջադեպի ուսումնասիրության նպատակով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու "Ուժեղ Հայաստան" խմբակցության նախաձեռնությունը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը մտադիր է միանալ այդ նախաձեռնությանը։ "Բանակում այսօր ստեղծված իրավիճակը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել։ Քաղաքական և մասնագիտական գնահատական պետք է ստանա նաև Զինված ուժերում առկա անվտանգային միջավայրը, որի հետևանք են դառնում զինծառայողների մահվան դեպքերը", - ընդգծել է Խաչատրյանը։
Նա հիշեցրել է, որ վերջերս Ղազախստանի մարզերից մեկում զորավարժությունների ժամանակ 14 նավաստի էր զոհվել, ինչից հետո, Ղազախստանի պաշտպանության նախարարն ազատվել էր պաշտոնից։ "Մինչդեռ, Հայաստանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարական տալու որևէ մտադրություն չի դրսևորում, չնայած, որ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են նրա կոմպետենտության լուրջ խնդիրների մասին: Շաքիի միջադեպը ևս պետք է դառնա մանրամասն քննարկման առարկա։ Տվյալ դեպքում հարցն արդեն վերաբերում է ոչ միայն զինված ուժերի գործունեությանը, այլև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատանքին: Հետեւաբար, այդ գերատեսչությունների ներկայացուցիչները պետք է համապատասխան գնահատական ստանան հետաքննության շրջանակներում", - կարծում է ընդդիմադիրը։
Խաչատրյանը, միաժամանակ, կասկած է հայտնել, որ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը կմիանա ընդդիմության հերթական նախաձեռնությանը: Նրա խոսքով ՝ իշխող ուժի համար սեփական քաղաքական շահերն ավելի կարևոր են, քան երկրի անվտանգության հարցերը։ "Եթե" Քաղաքացիական պայմանագիր " խմբակցությունն իսկապես շահագրգռված է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես ադրբեջանցի զինված զինծառայողը կարող էր մուտք գործել ՀՀ տարածք, ապա պետք է քքվեարկի քննիչ հանձնաժողով ստեղծելու օգտին: Սակայն, ես կասկածում եմ դրանում: Մենք հույս ունենք, որ հանձնաժողովը, նույնիսկ, եթե այն աշխատի առանց իշխող խմբակցության մասնակցության, ապացույցներ կգտնի եւ կկարողանա ցույց տալ, որ ՀՀ պաշտպանության նախարարը բավարար իրավասություն չունի իր վրա դրված առաքելությունը կատարելու համար", - եզրափակել է պատգամավորը:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին խորհրդարանի լիագումար նիստում "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը մտադիր է նախաձեռնել երկրի խորհրդարանում եւս մեկ քննչական խմբի ստեղծումը, որը կզբաղվի սահմանային միջադեպերի եւ զինված ուժերում տիրող իրավիճակի ուսումնասիրությամբ: Նույն նիստի ընթացքում ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ի վիճակի չէ իրականացնել իր լիազորությունները, ինչի առնչությամբ նրան պետք է փոխարինել: