
ԱրմԻնֆո: ՀՀ Կենտրոնական բանկում տեղի ունեցավ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված հուշադրամի հանձնման արարողություն: Միջոցառմանը ներկա և ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դիվանագետը շեշտեց, որ հուշադրամը խորհրդանշում է ոչ միայն առաջիկա կարևոր միջազգային միջոցառումը, այլև այն պատասխանատվությունը, որը Հայաստանը ստանձնում է՝ նախագահելով գլոբալ նշանակության բազմակողմ գործընթացում և նպաստելով միջազգային համագործակցության ամրապնդմանը: Այս համատեքստում ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու համաշխարհային օրակարգերի ձևավորմանը և առաջխաղացմանը:
Աբիսողոմոնյանը նշեց, որ COP17-ի շրջանակներում Երևանը կդառնա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջազգային համագործակցության կարևոր հարթակ՝ միավորելով պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին գլոբալ կենսաբազմազանության պահպանման հարցերի շուրջ: Ընդգծվեց, որ այս հարցերը վաղուց դուրս են եկել շրջակա միջավայրի օրակարգից և փոխկապակցված են սննդի և ջրի անվտանգության, առողջապահության, տնտեսության և հասարակական կայունության հետ։
Հուշադրամին անդրադառնալով՝ Աբիսողմոնյանը հույս հայտնեց, որ ապագայում այն կծառայի որպես հիշեցում ոչ միայն 2026 թվականին Հայաստանում COP17-ի անցկացման, այլև Երևանի դերի՝ որպես երկխոսության, համագործակցության և համատեղ գործողությունների հարթակի մասին։
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ COP17-ը տեղի կունենա Երևանում այս տարվա հոկտեմբերին։ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան երեք հիմնական միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկն է, որը նպատակ ունի ուղղորդել միջազգային հանրության ջանքերը՝ ապահովելու շրջակա միջավայրի կայունությունը, պաշտպանելու կենսաբանական բազմազանությունը, վերականգնելու էկոհամակարգերը և կայուն կերպով օգտագործելու բնական պաշարները։
Կոնվենցիայի կողմերի համաժողովը ամենամեծ գլոբալ բնապահպանական միջոցառումներից մեկն է, որը անցկացվում է երկու տարին մեկ։ Համաժողովի ընթացքում մասնակից երկրները մշակում են կոնվենցիայի դրույթները իրականացնելու մեխանիզմներ և ընդունում են նոր պարտավորություններ՝ բնական պաշարների պաշտպանությունը ամրապնդելու համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, գիտական համայնքի, կանանց և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ակտիվորեն մասնակցում են համաժողովների աշխատանքներին։