


Արմինֆո. ԱԺ նորաստեղծ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է հանձնաժողովի աշխատակարգը եւ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ հնարավոր կարգապահական միջոցների կիրառումը:
Մարիա Կարապետյանի խոսքով՝ էթիկայի հանձնաժողովի նիստը կարող է սկսվել երեք պատգամավորի ներկայությամբ, սակայն որոշում կայացնելու համար կպահանջվի հինգ ձայն: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը: Պատգամավորը նշել է, որ խմբակցությունները հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում փոխարինել իրենց պատգամավորին, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել հանձնաժողովի նիստերին, քննարկումներին և քվեարկությանը:
Կարապետյանի ասելով՝ հանձնաժողովի գլխավոր նպատակը ոչ թե պատգամավորներին պատժելն է, այլ՝ Հայաստանում պատգաամավորական էթիկայի մակարդակի բարձրացումը: Ընդ որում, նա նշել է, որ հարցի քննարկումից հետո ստացված դիմումների հիման վրա հանձնաժողովը եզրակացություն է կայացնում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ և կարգապահական միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում ԱԺ նախագահին:
Պատգամավորը նաև նշել է, որ կարգապահական միջոցների շարքին են դասվում նախազգուշացումը, ԱԺ նստաշրջաններում մեկ նիստի ընթացքում ելույթ ունենալու իրավունքից զրկելը, նիստերից հեռացնելը և նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկելը՝ մինչև յոթ օր ժամկետով:


