
ԱրմԻնֆո։ Ստոկհոլմում տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության» գենդերային հավասարության հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նիստը, որում որպես զեկուցող հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը։
Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, կանանց քաղաքական մասնակցությանն ու առաջնորդությանը նվիրված միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Եվրոպական հանձնաժողովի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնության շրջանակում։
Զարուհի Բաթոյանը հանդես է եկել «Առանց լռության և վախի. կանանց քաղաքական առաջնորդների նկատմամբ սպառնալիքներին հակազդելու ուղիները» քննարկմանը, որին մասնակցել են նաև Մոլդովայի, Ուկրաինայի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այն խնդիրներին, թե ինչպես են տեղեկատվական միջավայրում հարձակումները, քաղաքական գործընթացներից դուրսմղումը և անվտանգության սպառնալիքները խաթարում կին առաջնորդների կապն իրենց ներկայացրած ժողովուրդների հետ, և ինչ քայլեր կարելի է ձեռնարկել այդ սպառնալիքներին հակազդելու համար։
Իր ելույթում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր և իր գործընկերների փորձը՝ անդրադառնալով ապատեղեկատվության, քաղաքական գործիչների, հատկապես կանանց, նկատմամբ առցանց հարձակումների և քաղաքական մասնակցության վրա դրանց ազդեցության խնդիրներին։ Պատգամավորը կարևորել է նախաձեռնող և վստահություն ներշնչող քաղաքական գործչի կերպարի ձևավորումը։ «Քաղաքացիների հետ անմիջական և մշտական շփումը, բաց հաղորդակցությունը և հավաստի տեղեկատվության հասանելիությունը կարող են զգալիորեն նվազեցնել բնակչության շրջանում ապատեղեկատվության ազդեցությունն ու տարածումը», — ասել է Զարուհի Բաթոյանը։
Նա նաև ընդգծել է, որ միայն ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցներն արդեն բավարար չեն, քանի որ ապատեղեկատվությունը, համակարգված առցանց հարձակումները և արտաքին տեղեկատվական ազդեցությունը սահմաններ չեն ճանաչում և գլոբալ մարտահրավերներ են բոլոր երկրների համար։
«Անհրաժեշտ է ամրապնդել միջազգային համագործակցությունը, ապահովել փորձի և արդյունավետ գործիքների մշտական փոխանակում, ինչպես նաև ձևավորել արձագանքման ավելի արագ և համակարգված մեխանիզմներ։ Ժողովրդավարության դիմակայունությունը նույնպես կախված է նրանից, թե որքան լավ կկարողանանք պաշտպանել քաղաքական մասնակցության ազատությունը՝ չստիպելով մարդկանց լռել և չստեղծելով վախի մթնոլորտ», — ընդգծել է Զարուհի Բաթոյանը։