


ԱրմԻնֆո. Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ. դա նաև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացիներ դաստիարակելու սրբազան խնդիր է, ասվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Ուսուցչի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
Քաղաքական ուժը, շնորհավորելով ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ, արձանագրել է, որ ուժեղ պետության հիմքն են գիտելիքը, կրթված քաղաքացին և ազգային ուժեղ ինքնությունը։
«Հենց դուք եք դրել այս հիմքը։ Ձեր ամենօրյա նվիրումով և պատասխանատվությամբ ձևավորվում է այն սերունդը, որը պաշտպանելու է մեր Հայրենիքը, զարգացնելու է մեր երկիրը և ապահովելու է նրա ուժեղ ապագան։ Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ. դա նաև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացիներ դաստիարակելու սրբազան խնդիր է։ «Ուժեղ Հայաստանը» սկսվում է ընտանիքից, նախադպրոցական հաստատությունից, դպրոցից և դասարանից», - ասվում է ուղերձում։
Միաժամանակ քաղաքական ուժում ընդգծել են, որ երկրի կրթական համակարգն այսօր դժվարին ժամանակաշրջան է ապրում, և վստահություն են հայտնել, որ մանկավարժները կկարողանան հաղթահարել այս բարդ փուլը և հասնել կրթական համակարգի զգալի բարելավման։
«Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր և պատասխանատու ոլորտներից մեկը։ Դուք ձեր ուսերին եք կրել երկրի առջև ծառացած մարտահրավերները և արել եք հնարավորը, որպեսզի ձեր աշակերտները պահպանեն հայոց լեզուն և ուսումնասիրեն Մեսրոպ Մաշտոցի գրերը։ Այսօր մեր սերունդը կանգնած է բարդ ընտրության առջև՝ ամբողջական և անխաթար պահպանել մեր ինքնությունը, ազգային արժանապատվությունը և մեր Մայր Եկեղեցին, և ձեր պատասխանատվությունը կրկին մեծ է։ Մենք վստահ ենք, որ այս անգամ ևս հայ ուսուցիչը արժանապատվորեն կկատարի իր առաքելությունը և դիմադրություն ցույց կտա այն կառավարությանը, որը ձգտում է գնալ նվաստացուցիչ զիջումների՝ խարխլելով մեր խաղաղությունը։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր անխոնջ աշխատանքի, կամքի և մեր պետության ապագայի կառուցման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար»,- ասվում է ուղերձում։


