
Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ակտիվացնելու փորձերը ձախողվում են Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ դիմակայության պատճառով, մինչդեռ, Ռուսաստանը թուլացնում է իր վերահսկողությունը տարածաշրջանում: Այդ մասին գրում Է Politico պարբերականը։
Աղբյուրը գրում է, որ Ֆրանսիան հրաժարվել է հավանություն տալ Բաքվի հետ գործընկերության նոր սխեմային ՝ որպես հիմնական պատճառ վկայակոչելով Ֆրանսիայի քաղաքացու կալանավորումը, հաղորդել են ՆԱՏՕ-ի երեք դիվանագետներ, որոնք ցանկացել են մնալ անանուն: Ի պատասխան՝ Թուրքիան արգելափակել է Հայաստանի ծրագրի զուգահեռ երկարաձգումը ՝ իր մերձավոր դաշնակից Ադրբեջանի հետ համերաշխությունից ելնելով, հայտարարել են նրանք։
Նշվում է, որ կովկասյան երկու երկրները ձգտում են ՆԱՏՕ-ի հետ ավելի խորը համագործակցության զորավարժությունների, զինվորական պատրաստության և այլ ոլորտներում, հայտարարել են ՆԱՏՕ-ի հինգ դիվանագետներ: "Արդյունքում, երկու պլաններն էլ ավելի քան մեկ տարի մնացել են անորոշության մեջ", - հավելել են նրանք:
Պարբերականը նշում է, որ ՆԱՏՕ-ի բազմամսյա դիմակայությունը նոր սրություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ Ֆրանսիան անցյալ շաբաթ արգելափակեց Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը: «Փարիզը հրաժարվեց իր առարկություններից միայն այն բանից հետո, երբ Բրյուսելը վերացրեց ռուս-ուզբեկական միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ սահմանափակումները, ինչը դրդեց Ադրբեջանին ազատ արձակել մի քանի բանտարկյալների, այդ թվում ՝ Ֆրանսիայի քաղաքացու: Այժմ Ֆրանսիան բախվում է ճնշման՝ Բաքվի հետ ՆԱՏՕ - ի ավելի սերտ կապերի նկատմամբ վետոն վերացնելու պահանջին՝ անցած չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից բանտարկյալներին ազատ արձակելուց հետո", - գրում է Politico-ն։
"Եթե նրանք չչեղարկեն վետոն, դա կլինի անխոհեմ քաղաքական քայլ, և նրանք իրենց չեն դրսեւորի որպես դաշնակից, որը գործում է դաշինքի շահերից ելնելով։ Հայաստանի համար դա շատ վտանգավոր է. մենք կարծում ենք, որ լավ է, որ նրանք մոտ են գտնվում", - ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը։
ՆԱՏՕ-ի երկրորդ դիվանագետն ասել է. "Կա հիասթափություն. դադարեցրեք ՆԱՏՕ-ն օգտագործել երկկողմ հարցերը լուծելու համար":
ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերը, այսպես կոչված, անհատապես հարմարեցված գործընկերային ծրագրերը, դաշինքի հիմնական գործիքն են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ քաղաքական երկխոսության և ռազմական համագործակցության համար: Դրանք երկարաձգվում են չորս տարին մեկ, և նրանց հավակնությունների մակարդակը կախված է դաշինքին ինտեգրվելու երկրների ցանկությունից։
"Ձգձգումը ՆԱՏՕ-ին ստիպեց ժամանակավորապես երկարաձգել Հայաստանի եւ Ադրբեջանի հնացած գործընկերային համաձայնագրերը, չնայած այն բանին, որ նոր ծրագրերի շուրջ բանակցությունները մոտ են ավարտին", - հայտարարել են երեք դիվանագետները: Նոր ծրագրերը թույլ կտան նրանց մասնակցել համատեղ զորավարժություններին, ակտիվացնել զինվորական պատրաստությունը եւ խորացնել մշակութային համագործակցությունը ընդհուպ անգլերենի տեղական դասերի կազմակերպումը, հավելել են նրանք:
Ոմանք մտավախություն ունեն, որ ձգձգումը կարող է նաև խանգարել Արևմուտքի հետ մերձենալու Հայաստանի ձգտմանը, հաշվի առնելով այն ռիսկերը, որոնց դիմել է Երևանը ՝ իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանից հեռու փոխելով:
"Դա մտահոգություն է հարուցում. մենք որոշ երկրների համար ակնկալիքներ ենք ստեղծում, իսկ հետո չենք արդարացնում դրանք, դա կարող է դժգոհություն առաջացնել", - ասել Է ՆԱՏՕ - ի երրորդ դիվանագետը, հավելելով, որ Բաքվի եւ Երեւանի մերձեցումը դաշինքին կարող է օգնել ամրապնդել փխրուն խաղաղությունը երկու երկրների միջեւ:
Այժմ, երբ "երկու երկրների միջեւ խաղաղություն է հաստատվել, դա լավ հնարավորություն է ՆԱՏՕ - ի համար՝ դրդել նրանց մեր կողմում ավելի մեծ աջակցության", - հավելել Է դիվանագետը:
ՆԱՏՕ-ում ֆրանսիական պատվիրակությունը հրաժարվել է մեկնաբանություններից: ՆԱՏՕ-ում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցչությունները չեն պատասխանել մեկնաբանության մասին հարցմանը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ելույթ ունենալով կազմակերպության անունից, հայտարարել է, որ դաշինքը "ամուր հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, որոնք հիմնված են քաղաքական երկխոսության եւ մի շարք ոլորտներում գործնական համագործակցության վրա", ինչպիսիք են պաշտպանության պլանավորումը, կրթությունը եւ հակազդեցությունը հիբրիդային սպառնալիքներին: "Մենք պատրաստ ենք զարգացնել այդ գործընկերությունը", - հավելել է նա: