
Արմինֆո.Հոկտեմբերի 2-ին, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնված արհեստանոցը Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով։
Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Հայաստանյան թանգարանների ներկայացուցիչներ, վերականգնման մասնագետներ եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Հայաստանյան պաշտոնյաներ, ճապոնագետներ։
Ներկաներին Վեհափառ հայրապետի օրհնությունն ու գնահատանքի խոսքը փոխանցել է Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Բացման խոսքում Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է արհեստանոցի գործունեությանը՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը ցուցաբերած աջակցության համար։
Իր հերթին՝ փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության առնչությամբ, հույս հայտնելով, որ տրամադրված սարքավորումները կծառայեն թանգարանային նմուշների վերականգնման ու պահպանման աշխատանքներին։
Տիար Վազգեն Յակուբյանն անդրադարձել է Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի բազմամյա համագործակցությանը, ընդգծելով, որ թանգարաններում պահվող արժեքները ժողովրդի ինքնության և պատմական հիշողության վկաներն են։ Նա կարևորել է արհեստանոցի համալրումը նորարարական սարքավորումներով, որոնք կնպաստեն այդ արժեքների վերականգնման և անխաթար պահպանության գործին։
«Արհեստանոցի գործունեությունը հնարավորություն կտա ընդլայնել Մայր Աթոռի թանգարանային հավաքածուների ցուցադրությունը՝ պահոցներում գտնվող հոգևոր և մշակութային արժեքները պատշաճ կերպով ներկայացնելով հանրությանը», - ասվում է հաղորդագությունում։