
Արմինֆո.ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միության անդամներն ակցիա են իրականացրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ադրբեջանցի զինվորականը ինքնաձիգով մտել էր գյուղի տներից մեկը և երեխաների աչքի առաջ վիրավորել տանտիրուհուն:
Ցուցարարները պահանջել են ոչ թե որպես "բարի կամքի ժեստ" Բաքվին հանձնել ադրբեջանցի հանցագործին, այլ փոխանակել Ադրբեջանում պահվող հայերի հետ: Նրանք ԱԱԾ շենքի մոտ են եկել պաստառներով, որոնց վրա գրված է եղել․ "Պետության գործառույթն է կանխել, ոչ թե՝ արձանագրել", "Հայաստանի սահմանները բա՞ց են", "Հայ գերիների վերադարձն առաջնահերթություն է", "Հաջորդը կարող է լինել ձեր ընտանիքը"։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ Շաքի գյուղում տեղի ունեցածը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքանով է ապահովվում սահմանամերձ գյուղերում բնակվող հայերի անվտանգությունը: "Տեղի ունեցածը կարելի է որակել որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության և երկրի քաղաքացիների անվտանգության նկատմամբ։ Տեղի ունեցածը պետք է օգտագործվի որպես լծակ՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի պահանջ ներկայացնելու համար։ Մեր պահանջն է՝ չհանձնել ադրբեջանցի զինծառայողին ՝ առանց Ադրբեջանին պայմաններ ներկայացնելու։ Մենք պահանջում ենք առաջնահերթություն դարձնել հայ գերիների ազատ արձակման հարցը", - նշել է նա։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միության մեկ այլ անդամ՝ Ստելլա Հունանյանը, նշել է, որ տեղի ունեցածը հերթական ապացույցն է այն բանի, որ հենց գործող իշխանությունն է Հայաստանում ազգային անվտանգության խնդիր: "Հաճախ այս պնդումն ընկալվում է որպես չափազանցություն։ Սակայն, հենց այս դեպքն է դրա փաստացի ապացույցը։ Այն ցույց է տալիս, որ այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել առկա խնդիրները ։ Նրանք կարող են միայն գեղեցիկ պատկեր ցույց տալ", - հայտարարել է Հունանյանը։
Ակցիայից հետո ՀՅԴ "Նիկոլ Աղբալյան" ուսանողական միության անդամները պաստառները թողել են ԱԱԾ շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի ՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակչուհու տուն մուտք գործելու և նրան վիրավորելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժել են նաև կնոջ երկու անչափահաս երեխաները, որոնք օգնել են մորը պաշտպանվել հարձակումից: ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից պարզվել է, որ հայկական և ադրբեջանական պատկան մարմինները նշված զինծառայողին փնտրել են դեռևս սեպտեմբերի 29-ից, ընդ որում, բնակչության հետ անվտանգության տեսանկյունից որևէ աշխատանք չի տարվել, և մարզի բնակիչները անտեղյակ են եղել: Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ ադրբեջանցի զինվորականին փնտրում են դեռևս սեպտեմբերի 26-ից: Թե որտեղ է նա գտնվել այդ ժամանակահատվածում, դեռ հայտնի չէ ։ Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Անանիտ Ավանեսյանը հաղորդեց, որ կնոջ վիճակը կայուն է, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Ի սկզբանե ՀՀ իրավասու մարմիններում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով, որը կատարվել է զենքի գործադրմամբ: Եվ միայն հանրային դժգոհությունից հետո Գլխավոր դատախազությունից հաղորդեցին նաև ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով քրեական գործ հարուցելու մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի Քննչական կոմիտեից, Մուսաևը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: