
Արմինֆո. Միջազգային դատարաններն ու մարմինները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում/Արցախում հայերի էթնիկ զտումների պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին դրա համար։ Այդ մասին, հոկտեմբերի 2-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ժամանակ։
Ցնցող որակելով Հայաստանի տարածք ադրբեջանցի զինվորականի ներթափանցմանն առնչվող միջադեպը՝ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին Երեւանն ամեն ինչ արել է իր բոլոր հարեւանների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։
"Ադրբեջանցի զինված զինվորը ներթափանցել է Հայաստանի տարածք, մտել տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչներն ուղղակի հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինվորների կողմից: Գիտե՞ք, թե ինչու են այդ զինվորներն այդքան ինքնավստահ: Որովհետեւ դրան ոչ մի պատիժ չի հաջորդում: Միջազգային դատարաններն ու մարմինները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին", - նշել է Կարապետյանը։
Այդ առնչությամբ նա հիշեցրել է ավելի քան երկու տասնամյակ առաջ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մասին: Նա հիշեցրել է, որ այն ժամանակ Սաֆարովը մտել էր քնած Մարգարյանի սենյակ եւ սառնասրտորեն կացնահարել նրան։ "Մարդասպանը ոչ մի օր չի անցկացրել ադրբեջանական բանտում։ Փոխարենը՝ Ադրբեջանի նախագահը ողջունել է նրան, հերոսի կոչում շնորհել և թույլ տվել, որ նա մեքենայով ազատ շրջի Բաքվի փողոցներով: Նրան արտահանձնելով՝ ԵՄ անդամ պետությունն ակամայից կանաչ լույս տվեց այս վտանգավոր վարքագծին։ Հենց դրա համար էլ երեկ մենք տեսանք նույնը. ադրբեջանցի զինվորները ներթափանցում են Հայաստանի տարածք, հարձակվում խաղաղ քաղաքացիների վրա, իսկ երբ արտահանձնվում են Ադրբեջան, նրանց հերոս են դարձնում։ Այս վտանգավոր փակ շրջանակում եվրոպական հանրությունը չպետք է մնա պարզապես դիտորդի դերում ։ Նրանք, ովքեր բռնություն են գործադրում, երբեք չպետք է փառաբանվեն: Խաղաղ հայ քաղաքացիների կյանքն առաջնային նշանակություն ունի։ Ոչ արտահանձմանը, եթե արդարադատությունը երաշխավորված չէ: Այո միջազգային արդարադատությանը", - հայտարարել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի ՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակչուհու տուն մուտք գործելու և նրան վիրավորելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժել են նաև կնոջ երկու անչափահաս երեխաները, որոնք օգնել են մորը պաշտպանվել հարձակումից: ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից պարզվել է, որ հայկական և ադրբեջանական պատկան մարմինները նշված զինծառայողին փնտրել են դեռևս սեպտեմբերի 29-ից, ընդ որում, բնակչության հետ անվտանգության տեսանկյունից որևէ աշխատանք չի տարվել, և մարզի բնակիչները անտեղյակ են եղել: Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ ադրբեջանցի զինվորականին փնտրում են դեռևս սեպտեմբերի 26-ից: Թե որտեղ է նա գտնվել այդ ժամանակահատվածում, դեռ հայտնի չէ ։ Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Անանիտ Ավանեսյանը հաղորդեց, որ կնոջ վիճակը կայուն է, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Ի սկզբանե ՀՀ իրավասու մարմիններում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով, որը կատարվել է զենքի գործադրմամբ: Եվ միայն հանրային դժգոհությունից հետո Գլխավոր դատախազությունից հաղորդեցին նաև ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով քրեական գործ հարուցելու մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի Քննչական կոմիտեից, Մուսաևը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: