
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կարծում է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կապված է իր քաղաքական գործունեությունը սահմանափակելու փորձի հետ: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ դա տեղի ունեցածի ամենատրամաբանական և հիմնավորված բացատրությունն է։ "Դա կապված է իմ քաղաքական գործունեությունը սահմանափակելու փորձի հետ։ Չէ որ՝ ես այսօր բացառություն չեմ։ Եթե նման բան միայն ինձ հետ պատահեր, կարելի էր մտածել, որ այդ ամենը պայմանավորված է անձնական հանգամանքներով", - նշել է պատգամավորը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իրեն առաջադրված մեղադրանքը կապված է բացառապես իր արտահայտած խոսքերի հետ։ Այդ առումով Ղազարյանը հիշեցրել է, որ "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը յոթ ամիս կալանքի տակ է եղել և մինչ օրս տնային կալանքի տակ է մնում նույն պատճառով ՝ իր արտասանած երկու բառերի համար՝ "մեր ձևով": Բացի այդ, Ղազարյանը հիշեցրել է թատերական գործիչ, պրոդյուսեր, դերասան Վահրամ Սահակյանին առնչվող դեպքը, որը եւս մի քանի օր առաջ ձերբակալվել էր Facebook-ում մեկուկես տարի առաջ արված հրապարակման համար: "Այսինքն՝ այս մեկուկես տարվա ընթացքում ոչ ոք չի համարել, որ դա հանցագործություն է ։ Բայց ժամանակ է անցնում , անհասկանալի է, թե ինչ է կատարվում, և հանկարծ ինչ-որ մեկին ձերբակալում են։ Եվ, հավանաբար, այն, որ ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, այնքան էլ դուր չի գալիս ոմանց։ Կարծում եմ, որ հենց դրանով են պայմանավորված տեղի ունեցող գործընթացները", - հավելել է ընդդիմադիրը։
Նրա խոսքով՝ այդ քրեական գործի շրջանակներում չկան ոչ վկաներ, ոչ տուժողներ, ոչ էլ ապացուցված հանցագործություն: "Կա միայն մեղադրյալ՝ Էդգար Ղազարյանը", - նշել է նա:
Ղազարյանը նաև հստակեցրել է, որ իրեն մեղադրում են մի հոդվածով, որը, ըստ նրա, պատիժ է նախատեսում ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում: "Քրեական օրենսգրքում վիրավորանքին առնչվող հոդված կա։ Այն նախատեսում է տուգանք և կարճաժամկետ կալանք։ Մինչդեռ, ինձ վերագրել են ինձ հետ բոլորովին կապ չունեցող մի հոդված։ Այդ տրամաբանությամբ կարող էին ասել, որ ես մարդ եմ սպանել, և կարևոր չէ, որ իրականում ոչ ոք չի մահացել։ Ի՞նչ տարբերություն: Այդպես է նաև այս գործում. ոչ ոք չի տուժել, վկաներ չկան, բայց կա մեղադրանք", - հայտարարել է նա։
Ղազարյանը նշել է, որ իրեն կալանավորելու դեպքում, բնականաբար, չի կարող շարունակել քաղաքական գործունեությունը՝ նույն ակտիվությամբ, ինչ հիմա: Ընդ որում, ըստ նրա, տեղի ունեցածը ոչ թե նվազեցրել է պայքարելու իր կամքը, այլ, ընդհակառակը, միայն ուժեղացրել է այն։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքին և մտադիր է բողոքարկել համապատասխան որոշումը: "Անկախ նրանից, թե ինչ պատժամիջոց կկիրառվի, մեղադրական դատավճիռը ենթակա է բողոքարկման։ Տվյալ դեպքում տեղի են ունեցել խոսքի ազատության և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ", - եզրափակել է Ղազարյանը։
Ավելի վաղ դատական նիստի ընթացքում դատախազը պահանջել էր Էդգար Ղազարյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն հրապարակումների համար, որոնք, ըստ գործի նյութերի, նրա կողմից տեղադրվել են 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչեւ հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: Խոսքը Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանագծման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկման հետ կապված նյութերի մասին է ։ Քննությունը գտնում է, որ հրապարակված նյութերում առկա են եղել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող և նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս հասցնող տեղեկություններ: Գործը քննում է դատավոր Սաթենիկ Անդրեասյանը։