
Արմինֆո. ԱՄՆ-ը Հայաստանի տարածքում ստեղծում է "պետություն պետության մեջ", այսպես կոչված, "Թրամփի երթուղու" նկատմամբ վերահսկողության շնորհիվ։ Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԽ կայքում։
"Հաշվի առնելով համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, ներառյալ Հորմուզի նեղուցը "փակելու" նրա վերջին փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ կասկածելի է թվում։ Փաստորեն, Հայաստանում, դասական հետգաղութային մոդելներին լիովին համապատասխան, հիմնվում է հերթական "պետությունը պետության մեջ", որոնք նախկին խորհրդային հանրապետությունների տարածքներում ժամանակին քիչ չեն ստեղծվել Արեւմուտքի կողմից", - նշել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալը։
Բացի այդ, նրա ասելով, պետք է նկատի ունենալ, որ ստեղծվող ամերիկա-հայկական ընկերությանը "կապալով" տրվելու է ճանապարհի ողջ երկայնքով անվտանգության ապահովումը, մինչդեռ, հայկական կողմը կիրականացնի սահմանային եւ մաքսային հսկողություն: "Իրականում դա կարող է նշանակել ամերիկյան ՄՌԸ-ների "մուտք" Հայաստանի տարածք և այդ երկրում, Իրանի հետ սահմանից բառացիորեն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ամերիկյան հետախուզական և, հնարավոր է, այլ ենթակառուցվածքների հայտնվել։ Դա օրինաչափորեն հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով փոխադրումների անվտանգությունը", - շարունակել է Շևցովը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել մի կարևոր նրբության վրա։ Նրա ասելով՝ ճանապարհի Մեղրիի հատվածը, նույն ինքը՝ "Թրամփի երթուղին", 49 տարվա ընթացքում կվերահսկվի և կշահագործվի ամերիկյան ընկերության կողմից: Շեւցովն ընդգծել է, որ ըստ համաձայնագրի պայմանների, որը վերջերս անցել է Հայաստանի Սահմանադրական դատարանով եւ շուտով կուղարկվի խորհրդարան՝ վավերացման, ամերիկյան կողմը կստանա 74 տոկոս մասնաբաժին, իսկ հայկական կողմը՝ 26 տոկոս:
"Այսինքն՝ Երևանը հաստատ հսկիչ փաթեթ չի ունենա, հնարավոր է, լինի արգելափակող, բայց քանի դեռ չկա ընկերության հաստատված կանոնադրությունը, հաստատ ոչինչ ասել չի կարելի։ Միևնույն ժամանակ, արդեն հստակ որոշվել է, որ "Թրամփի երթուղու" շուրջ համաձայնագրի իրականացմանն առնչվող բոլոր վեճերը լուծվում են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան, իսկ կապալառու ընկերությանը փոխանցվում են հողի օգտագործման բացառիկ իրավունքները: Դա ենթադրում է, որ ամերիկացիները հետագայում կկարողանան "զտել" իրենց կողմից վերահսկվող երթուղու հատվածով անցնող բեռները ։ Կոպիտ ասած՝ հրաժարվել իրենց ծառայությունները մատուցելուց այս կամ այն դեպքում: Դա կարող է ձևակերպվել, օրինակ, որպես "պատժամիջոցային" արգելք ամերիկյան ընկերություններին (այդ թվում ՝ երթուղու օպերատորին) այս կամ այն տնտեսական օպերատորի հետ համագործակցելու համար", - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: Իսկ արդեն 2026 հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։