
Արմինֆո. Պետական ծառայողների սոցիալական փաթեթները կչեղարկվեն՝ տարբեր բարեփոխումների արդյունավետության շնորհիվ։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հիշեցրել է, որ սոցիալական փաթեթները ներդրվել էին 2012-2013 թվականներին՝ որպես փոխհատուցում պետական համակարգում աշխատավարձի ցածր մակարդակի դիմաց: Այդ ծրագրի շրջանակներում, ինչպես նշել է Թորոսյանը, քաղաքացիները կարող էին վճարել որոշակի ծառայությունների դիմաց, մասնավորապես՝ բժշկական ծառայությունների, հանգստի, սպորտի եւ կրթության։ "Սակայն, մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին սոցիալական փաթեթ ունեցող բոլոր քաղաքացիները մեր կողմից իրականացված տարբեր բարեփոխումների արդյունքում ստացել են ինչպես աշխատավարձի բարձրացում, այնպես էլ բժշկական ծախսերը հոգալու ավելի լայն հնարավորություններ՝ շնորհիվ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման: Այդ առնչությամբ ժամանակն է ավարտել այդ ծառայության մատուցումը մեր քաղաքացիներին, քանի որ այն կատարել է իր առջեւ դրված խնդիրը", - հայտարարել է աշխատանքի եւ բարեկեցության նախարարը։
Ընդ որում, նա հստակեցրեց, որ այն քաղաքացիները, ովքեր ներկայումս ունեն սոցիալական փաթեթ, կշարունակեն օգտվել իրենց հաշիվներում եղած միջոցներից: Քանի որ, նրա ասելով, բանկերում այժմ կուտակված է շուրջ 13 մլրդ դրամ։ "Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշման միջոցով կսահմանի այդ միջոցների ծախսման ուղղությունները։ Ամենայն հավանականությամբ, դրանք էապես չեն տարբերվի այն ուղղություններից, որոնք գործում են այսօր։ Սակայն այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, և առայժմ վերջնական որոշում չկա", - եզրափակել է Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում էին սոցիալական փաթեթների ծրագրեր, որոնք տրամադրվում էին պետական ծառայողներին, մասնավորապես ՝ հանգստի կազմակերպման բաղադրիչով։ Պետական բյուջեով սոցիալական փաթեթների համար (բացառությամբ բժշկական սպասարկման բաղադրիչի) նախատեսվել է շուրջ 10 մլրդ դրամ։ Տարեկան 132 հազար դրամ գումարի սոցիալական փաթեթը տրամադրվում էր պետական ծառայողներին և նախատեսում էր մի քանի պարտադիր բաղադրիչ․ առողջապահության ծախսերի վճարում, հիփոթեքի տոկոսների վճարում, բուհերում ուսման վարձ և հանգիստ Հայաստանի պանսիոնատներում։ 2021 թվականից սոցփաթեթների շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով այցելություններ մարզական համալիրներ և լողավազաններ։